Armdaily.am-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 20-ին, Երևանում տեղի ունեցավ ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը:
Հուղարկավորությանը ներկա էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը և այլ նախկին պաշտոնյաներ:
Ներկայիս իշխանություններից ոչ ոք ներկա չէր Կուտոյանի հուղարկավորությանը, սակայն երեկ տեղի ունեցած հոգեհանգստի արարողությանը ներկա էր ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԱԾ ղեկավարի պաշտոնակատար Էդվարդ Մարտիրոսյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Լրագրողների հետ զրույցում էլ Գալուստ Սահակյանը այն հարցին, թե իրավապահները կկարողանա՞ն այս գործը բացահայտել, պատասխանել է.« Իրավապահպան օրգաններն այսօր Հայաստանում համարյա չկան»: Հարցին՝ արդյոք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը պետք է ավելի ուժեղացված պահպանվի, Սահակյանը պատասխանեց.«Նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ գոյություն չունեն: Բարձրաստիճան պաշտոնյան մնում է բարձրաստիճան պաշտոնյա»:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին, Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Նշենք, որ Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին, Երևանում: 2011թ. ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական: 2011-2014թթ. զբաղեցրել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահի պաշտոնը: 2016-2018թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենը։