Առանց ավելորդ էմոցիաների փորձեցի հավաքել բողոքող անասնաբույծների հիմնական հարցադրում-հիմնավորումները.
1. Մարզերում չկա սպանդանոցների բավարար քանակություն:
2. Չկա մասնագիտացված տրանսպորտ անասուններին անվտանգ սպանդանոց հասցնելու համար:
3. Եթե անասունը ճանապարհին տեղափոխող մեքենայում ինքնավնասում է անում կամ, առավել ևս, դուրս թռչում մեքենայից, ո՞վ է փոխհատուցում գյուղացու վնասները:
4. Դեպի սպանդանոց տեղափոխելու 30 կմ ճանապարհին անասունը կորցնում է 3-4 կգ քաշ, ո՞վ է դա փոխհատուցելու:
5. Ի՞նչ հաջորդականությամբ է տեղի ունենալու գյուղացու վճարումը՝ երբ նա անասունը հանձնեց սպանդանո՞ց, երբ անասունը մորթվե՞ց, թե՞ երբ հանձնվեց մսավաճառներին: Դա իրենից ինչքա՞ն ժամանակ է խլելու, ու երբ է իր փողը իրեն հասնելու:
6. Քանի որ սպանդանոցների քանակը ու տեղափոխող մեքենաների քանակը սահմանափակ են, գոյանալու են հերթեր, ինչը բերելու է ապրանքի ուշ ռեալիզացիայի, իսկ մարդիկ հազար ու մի ծախս ունեն՝ վարկեր, հիվանդներ և այլն:
7. Տվյալ տարբերակով աշխատելու դեպքում լինելու է մսի դեֆիցիտ, միսը ավտոմատ թանկանալու է, ինչը մեղմելու համար զարկ է տրվելու ներմուծմանը, ու դարձյալ տուժելու է տեղի արտադրողը:
8. Բոլորը կողմ են սպանդանոցներում մսի մորթ կազմակերպելուն, եթե դրանց քանակը, տեղայնացումը և աշխատանքի կազմակերպումը չբերի այնպիսի խոչընդոտների, որոնց առաջին ու գուցե միակ տուժողը կլինի գյուղացին:
Ու դարձյալ առանց էմոցիաների, կարծում եմ՝ պատկան մարմինները պարտավոր են արձագանքել մարդկանց պահանջներին: Կա՛մ ասեք՝ սուտ եք ասում, գնացեք ու ոնց որոշել ենք, էդպես աշխատեք, կա՛մ ասեք՝ կներեք, պարզեցինք, որ ենթակառւցվածքների ու սպասարկման առումով դեռ պատրաստ չենք, ժամանակավոր հետաձգվում է այս որոշումը, մինչև ամեն ինչ կարգավորենք:
Մեղք են մարդիկ, լուծում տվեք: