Ընկերներս, երկու օր առաջ մի ստատուս դրեցի էջիս՝ արևմտյան գեղագետը ախտորոշել էր Արևմուտքի ախտերը՝ «Ոսկե Ծիրանին» ներկայացրած մի ֆիլմով… Ես ոչինչ չէի ավելացրել – միայն ֆիլմի ներշնչածը: Եվ ի՞նչ – հնչեց ձայն մը հայոց փարիզյան արևմտամետ կողմերեն, դրան հետևեց երկրորդը, այս մարդիկ երևի ցնցված էին գեղագետի գնահատականից և վատ թաքնված զայրույթը ուղղեցին անմեղ գրությանս, - և մինչև նրանք կհասցնեին ինձ ԿԳԲ-ի գործակալ հռչակել՝ ստատուսը հանեցի: Ոչ մի ծայրահեղ ուղղափառ բան չեմ սիրում – դրանց թվում՝ հայոց մեջ արևմտյան քաղաքաքակրթության ինքնամոռաց ջատագովությունը…
Այսօր տեսանք, որ Արևելքը անմասն չէ մարդկության ախտերից: Այս անգամ խոսեց Արևելքի գեղագետը, և ո՜նց խոսեց…
Քայլում է ծանրաշունչ, գեր, տխուր հերոսը – օպերատորի կամերան նկարում է գերիրական մի կյանք, նկարում է հերոսի ծանր շունչը, մոլար շարժումները, կերած կոտլետը, դիմացը նստած հոր ջրիկ ու ալեխառն մազերը: Փարվիզ է նրա անունը: Այս մարդը մեր մեջ հայտնի «լույսի մարդն» է, կոմունալ վճարներ է հավաքում: Ինքն է, իր թախտը, իր հացը, իր գոյությունը, ապրելու իր իրավունքը:
Եվ մի օր Փլվում է Փարվիզի աշխարհը: Արդեն ծեր հայրը որոշում է ամուսնանալ և նրան հեռացնում է տնից: նոր կացարանը խղճուկ է, համայնքը և հայրը նրանից առնում են «լույսի մարդու» աշխատանքը… Նա էլ չի կարող մտնել տուն, բացել սառնարանը, մի կում սառ ջուր խմել: Համայնքը օտարում է իր զավակին: Մարդը մնում է առան սիրո: Ծանր մարմնի մեջ ալեկոծվում է սիրտը: Աչքերը լցվում են դաժանությամբ: Փարվիզը ելնում է վրեժի: Առաջին զոհը – նոր տանտիրոջ շան ձագը: Երկրորդ զոհը – նա քշում է մանկական սայլակը՝ երեխայի հետ և թողնում կամրջի վրա: Նոր զոհ՝ ծանոթ դերձակը՝ ընկած իր արյան լճի մեջ: Փարվիզը նրա մոտ հագնում է սև թանկարժեք կոստյում և գնում հոր և կնոջ դատավճիռը իրականացնելու:
Արևմուտք և Արևելք, էլ չասեք, թե ինչպես են ծնվում հանցագործները: Մարդու օտարումից: Սիրո պակասից: «Փարվիզ» ֆիլմը: Ռեժիսոր՝ Մաջիդ Բարզեգար: Իրան: Դիտումից հետո մոտեցանք դերասանին, հայ է՝ Լևոն Հաֆթվան:
«Ոսկե ծիրան» փառատոնը դառնում է հզոր քաղաքակրթական երևույթ: «Ոսկե ծիրանը» պատռում է ծերացած մարդկության դիմակը և բացում Նոր Մարդկության ճանապարհները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.drnoyan/posts/4552788558285?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել