Համաշխարհային օվկիանոսը կլանում է լրացուցիչ ջերմության մի մասը, որն առաջանում է տեխնածին ջերմոցային գազերի արտանետումներից։ Զարմանալի չէ, որ արդյունքում այն արագ տաքանում է։ Համաձայն գիտնականների միջազգային խմբի ուսումնասիրությունների՝ 2019 թ. օվկիանոսների միջին ջերմաստիճանը հասել է ռեկորդային թվերի։

11 գիտական հաստատությունների մասնագետներից կազմված միջազգային խումբը նոր մեթոդիկա է կիրառել ուսումնասիրության, որը թույլ է տվել հստակորեն հետևել համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի տատանումներին։ Պարզվում է՝ նախորդ տարի այն 0,075°C-ով ավելի բարձր է եղել, քան 1981-2010 թթ. միջին ջերմաստիճանը։

Նման տաքացումը համապատասխանում է 228 000 000 000 000 000 000 000 ջոուլ էներգիայի կլանմանը։ Համեմատության համար կարելի է նշել, որ Հիրոսիմայում ատոմային պայթյունի ժամաակ արձակվել է ընդամենը 63 000 000 000 000 ջոուլ էներգիա։

Համեմատելով 1955-1986 և 1987-2019 թթ. ջերմաստիճանները՝ գիտնականները նշել են, որ օվկիանոսների տաքացման տեմպերը շարունակաբար աճում են։ Սա վերաբերում է ողջ մոլորակին։

Գիտնականները նաև շեշտում են, որ օվկիանոսը կլանել է ավելի քան 90%-ն այն տաքության, որը առաջացել է կլիմայական փոփոխությունների արդյունքում։ Շնորհիվ դրա՝ ցամաքում տաքացումը նվազ նկատելի է դառնում, քան կարող էր լինել։

Օվկիանոսների տաքացումը վնասակար է հատկապես այն պատճառով, որ դրա հետևանքով կավելանա փոթորիկների հաճախականությունն, ու կբարձրանա ծովի մակարդակը։

Մեծ վնասներ կկրի նաև ծովային էկոհամակարգը։ Անգամ փոքր տաքացումները հանգեցնում են կորալների զանգվածային ոչնչացման, որոշ տեսակի ձկների թվաքանակի խիստ նվազման և օվկիանոսում թթվածնի մակարդակի պակասեցման։

Ըստ գիտնականների՝ վտանգավոր գործընթացը դադարեցնելու համար հարկավոր է պարզապես ջերմոցային գազեր քիչ արտանետել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել