This Won’t Hurt a Bit բժշկական հարթակը տեղեկացնում է, որ Ֆրեզնոյից մի տղամարդ ինքնուրույն հեռացրել է երիզորդ տեսակի որդը սեփական աղիներից և ավելի ուշ այն ներկայացրել տեղի հիվանդանոցի բժշկական անձնակազմին։

Հայտնի գիտնական, բժիշկ Քենի Բանը զարմացել է, երբ տղամարդը տոպրակը ձեռքին մոտեցել է նրան և խնդրել «հետ տեղադրել» որդին։

«Այդ տղամարդն ինձ խնդրեց նման միջամտություն կատարել, և ես ապշեցի, քանի որ ամեն օր նման դեպք չի պատահում»,- հարցազրույցի ժամանակ հայտնել է բժիշկը։

Բժիշկ Բանը բացել է հիվանդի ձեռքում գտնվող տոպրակը և հայտնաբերել 1,7 մ երկարություն ունեցող չափահաս մակաբույծ երիզորդի՝ փաթաթված զուգարանի թղթի ստվարաթղթի վրա։

Պարզվում է՝ հիվանդը որդը հայտնաբերել է արյունալի փորլուծության ժամանակ, որն ուղեկցվել է տարօրինակ զգացողությամբ, ասես տղամարդու մարմնի մեջ ինչ-որ օտար բան է եղել։

«Հիվանդի մտքով անցել է, որ մահանում է։ Նա կարծել է, թե աղիներն են դուրս գալիս, սկսել է դուրս քաշել այն՝ զարմանալով երկարության վրա։ Ամբողջությամբ օտար մարմինը դուրս է բերել և վախեցել, քանի որ այն շարժվել է»։

Հասկանալով, որ հսկայական որդ է դուրս եկել օրգանիզմից, տղամարդն այն փաթաթել է ձեռքի տակ գտնվող ստվարաթղթի վրա, այնուհետև դրել պլաստիկ տոպրակի մեջ և ուղևորվել հիվանդանոց։

Հույս ունենալով, որ նման բան իր հետ այլևս չի պատահի, հիվանդը ցանկացել է մանրամասնորեն հասկանալ, թե ինչից է այն առաջացել։ Բժիշկ Բանը արագորեն պարզել է պատճառները։ Փաստորեն, հիվանդը ամեն օր կերել է իր սիրելի ուտեստը՝ սաղմոնի սաշիմի։ Գիտնականները բազմիցս ապացուցել են, որ չեփված ձուկը լի է մակաբույծների բազմաթիվ տեսակներով։

Ի ուրախություն հիվանդի և սուշիի բոլոր սիրահարների՝ մակաբույծ որդի բուժումը բավականին պարզ է։ Պարզապես հարկավոր է ընդունել նշանակված հաբերը, որոնք սպանում են որդերին, անգամ նրանց, որոնք չափազանց մեծ են, քանի որ որդերի օրգանիզմներն ունեն բաժանվող մասեր և հեշտ են մասնատվում։

Հիվանդն ինքն իրեն խոսք է տվել, որ այլևս երբեք հում ծովամթերք չի օգտագործի։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել