Գեորգին իմ ճանաչած ամենապարկեշտ մարդկանցից մեկն էր: Զուսպ, լուրջ, խորը: Այնքան լուրջ ու այնքան խորը, որ էդ տարիքում, սովորաբար, էդպես չի լինում: Ուղնուծուծով պետականապաշտ: Մարմնի ամեն բջիջով հայ ու Հայաստանի զինվոր:
Գնաց` 39 տարին դեռ չբոլորած: Գնաց` անհայր թողնելով իր չորսամյա տղային, անամոքելի վշտի հետ մեն մենակ թողնելով իր հարազատներին:
Գնաց` խորը ափսոսանքի ու չուտվող դառնության զգացում ներարկելով իրեն ճանաչող բոլորին:
Հեռացավ ինքն իրենից, իր ժամանակից, նրա խեղդող բարքերից ու արժեքներից` սեփական արյան բաժակը պարզելով օրվա արժեքների գլխավոր մատակարարներին. թող խմեն արյան էդ բաժակն էլ` գուցե հագենան, արյան համից կենդանական բնազդով գոնե մի պահ հասկանան, որ, ախր, ուրիշինը չէ` սեփակա՜ն արյունն են խմում:
Գնաց` սեփական մահը գերադասելով այլոց տառապանքն իրենը համարելու ու դրանով ապրելու հոգին մաշող ցավից: Հեռացավ` անկարող լինելով կյանքի ու բարոյականության սեփական եկեղեցիում մի անկյուն էլ թողնել երեկվա կեղծ մերձավորի անաստված գոյության համար:
Գեորգին գնաց` սթափվելու կոչելով իր ամենավերջին հենարանը` ինքնապահպանման բնազդը կորցնող ու ինքնաոչնչացման հոսանքին հանձնվող մեր հասարակությանը: Գնաց` գուժելու հնարավոր ազգային աղետը:
Մարդկային մեծագույն ողբերգություն: Աննկարագրելի, թունավոր անհամություն: Ժամանակի ու նրա բարքերի հետ կռիվ տված, բայց նրան պարտված ու էդ պարտությունը չընդունած մարդու խոսուն ճակատագիր: Իր ապրած ժամանակը, նրա ողբերգականությունը խտացնող մի լեղի պատմություն: Մեր ձայնային հիշողության խորքերում արդեն մոռացված մի կրակոց այն մասին, թե ինչպես է ժամանակը, երբեմն, անխնայաբար ոչնչացնում արժանավորին ու կործանում լավագույնին: Մամռակալած էլի մի տապանագիր էն մասին, թե ինչպես կարող է ժամանակը երբեմն սրբել-տանել ամբողջ ժողովուրդների ու փշրել նրանց ճակատագրերը:
Անգամ կենդանական բնազդով դժվար է չզգալ, որ Հայաստանում ստեղծված էս անհամ մթնոլորտը բացել է իր ամենակուլ երախը` խորտակելով մարդկանց, ընտանիքներ ու ճակատագրեր: Օդում ծայրահեղ ատելության, ներքին թշնամանքի ու ինքնոչոնչացման մահաբեր քամի է փչում: Մեզ անծանոթ, բայց մեզ արդեն կլանած քամի: Ու ոչ ոք չգիտի, թե ում կայցելի այդ քամին հաջորդը: Ով կլինի կործանված հաջորդ ճակատագիրը: Որբացած հաջորդ երեխան: Ու ամենակարևորը, ոչ ոք այդպես էլ չի իմանա` լավ, հանուն ինչի՞: