1in.am-ը գրում է.
Կառավարության որոշմամբ՝ ձկնաբուծական ընկերություններն այսուհետև պետք է կիրառեն կիսափակ ցիկլի տեխնոլոգիաներ: Նոր տեխնոլոգիաները 700 հազարից 1,5 միլիոն դոլարի արժողություն ունեն: Ձկնաբույծները մտավախություն ունեն, որ սրանց կիրառումը փոքր ու միջին ձկնաբուծարանների գոյությունը վտանգում է և ոլորտը գնում է մոնոպոլիզացման:
Ըստ «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի անդամ Հարություն Մկրտչյանի՝ նոր տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի մոնոպոլիզացմանը: Ձկնաբուծական խոշոր ընկերությունները կմնան, մանր ու միջին ընկերությունները կփակվեն: Հարություն Մկրտչյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ իրենք հանդիպել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ ու քննարկել խնդիրը: Մկրտչյանի փոխանցմամբ՝ փոխվարչապետի հետ հանդիպումը հարցի լուծման հույսեր է տալիս: Իրենք տարբերակներ են փորձում գտնել:
«Հանձնարարականը կա, բայց այդ հանձնարարականը գրողը մարդ է, այնպես որ կարող է փոխվել»,- համոզված է Հարություն Մկրտչյանը:
Նա պնդեց, որ համեմատաբար խոշոր ձկնաբուծական ընկերությունները ուրիշ ավազաններից ձուկ են բերում լցնում իրենց ձկնաբուծարան ու ցույց տալիս, թե իբր իրենք քիչ ջրով շատ ձուկ են արտադրում:
«Այդպիսի բան չկա, կիսափակ ցիկլ գոյություն չունի, այդ բառը հորինել են, որ ձկնաբույծներն ավելի մեղմ պատկերացնեն խնդիրը: Կա բաց ու փակ ցիկլ: Եթե այսօր ջուրը մեկ անգամ է օգտագործվում, շատ մաքուր է, ոչ մի արտաթորանք, ոչ մի բան չկա մեջը: Փակ ցիկլի անցնելու դեպքում կկորցնենք ոչ միայն ձկների համային որակները, այլ նաև հիվանդություններ կառաջանան նույն ջուրն անընդհատ օգտագործելիս, կըկնի ձկների իմունիտետը»,- պարզաբանեց Հարություն Մկրտչյանը:
Նա նշեց նաև, որ նման տեխնոլոգիաներ օգտագործելով՝ հայ ձկնարտադրողը կկորցնի արտահանման շուկան, կթանկանա ձկան արժեքը, քանի որ այդ տեխնոլոգիաներն արդեն թանկարժեք են: Ըստ Հ. Մկրտչյանի՝ Եթե հիմա Ռուսաստանում 100 ռուբլու տարբերությամբ հայկական ձուկը թանկ է վաճառվում, ապա դա արվում է հայկական ձկան համային որակի հաշվին: Թուրքերի, դանիացիների, նորվեգացիների արտադրած ձուկը մատչելի է, քանի որ աշխատում են քանակի վրա, որակական հատկանիշները հաշվի չեն առնում: Ամբողջ աշխարհում փակ ցիկլով արտադրում են թառափազգիներ, որոնցից խավիար են ստանում և վաճառում են շատ թանկ գնով:
«Բացի այդ, թանկարժեք տեխնոլոգիաները ձեռք բերելիս պետք է բերվեն նաև մասնագետներ Եվրոպայից, այստեղ մասնագտեներ չկան, որ տեղադրեն սարքավորումները: Եթե տեխնիկան խոտանվի, ձկները կարող են մի քանի վայրկյանում սատկել»,- ասաց Հարություն Մկրտչյանը:
Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչներն «Առաջին լրատվական»-ին ասացին, որ ջրի խնդիր իսկապես կա. իրենց խմելու ջուրը ստորգետնյա՝ արտեզյան է, և եթե գյուղում ձկնաբույծներն աղբյուր դնեն ձկնարտադրության համար, գյուղացիները ջուր չեն ունենա:
Հիշեցնենք, որ կառավարությունը որոշում է ընդունել ջրի խնայողության նպատակով ձկան արտադրությունն իրականացնել փակ և կիսափակ ցիկլերով: