Դեռ նոր է Միխայիլ Միշուստինը նշանակվել Ռուսաստանի Դաշնության վարչապետ , բայց արդեն ամբողջ ֆեյսբուքահայությունը, մասնավորապես՝ բազմոցային վերլուծաբանները, մի շարք պլաններ են կապում Միշուստինի՝ արմատներով կիսով չափ հայ լինելու հետ։ Նրա հայ լինելն այնքան ուրախալի փաստ է, ինչքան, օրինակ, Լավրովի հայկական արմատներ ունենալը։ Սեփական գեներով հպարտանալուց, դրանց հաշվին ինչ-որ քաղաքական կտրուկ փոփոխություններ սպասելուց և «գազի գինը հեսա կիջացնի» ասելուց զատ՝ պետք է հասկանալ, որ երկրների միջև դիվանագիտական կապ և եղբայրական հարաբերություններ ստեղծելու համար պետք է ամենօրյա տքնաջան աշխատանք կատարել, տարբեր ոլորտներում ստեղծել համագործակցության և շփման նոր եզրեր, ինչով որ զբաղվում է Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիան։ Բազմոցին նստելով, համացանցում մեկնաբանություններ անելով և ինքներդ ձեզ քաղաքական վերլուծաբանի կոչում շնորհելով ո՛չ ներքին և ոչ էլ արտաքին քաղաքականությունում հաջողություն չեք գրանցի։ Ուզո՞ւմ եք տեսնել եղբայրական հարաբերություններ, գործի՛ անցեք ու հույսներդ Միշուստինի, Իվանովի, Պետրովի կամ էլ Սիդորովի հայկական արմատների վրա մի դրեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել