«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ 5-րդ ալիքի (5-րդ ալիք / 5 TV) լրագրողները Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից ուղիղ եթեր են իրականացրել, որից հետո նախարար Արսեն Թորոսյանը խիստ մտահոգություն է հայտնել այդ դրվագի կապակցությամբ և պիտակավորել է 5-րդ ալիքի աշխատանքը։
«5-րդ ալիքը» դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել․ «5-րդ ալիքի» լրագրողը եւ օպերատորը ծննդաբերության ընթացքը լուսաբանելու համար ստացել են Աչաջրի առողջության կենտրոնի ղեկավարի թույլտվությունը եւ ծննդկանի գրավոր համաձայնությունը»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է Արսեն Թորոսյանին զերծ մնալ լրագրողների նկատմամբ ճնշումներից։

Միաժամանակ հորդորում ենք լրագրողներին բժշկական հաստատություններում աշխատանք իրականացնելիս պահպանել համապատասխան նորմերը, կրել բժշկական հագուստ ու պաշտպանիչ դիմակ։
Կից ներկայացնում ենք «5-րդ ալիքի» հայտարարությունը։

—————————————————
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի առողջապահության նախարարությունը խիստ մտահոգված է, որ «5-րդ ալիքի» լրագրողը առանց դիմակի եւ գլխարկի ուղիղ եթերում ներկայացրել է «հատված Աչաջրի ծննդատան ծննդաբերության գործընթացից»: Անկեղծ ասած՝ ցուցադրել ենք մի դրվագ ԿՆՈՋ ծննդաբերության ընթացքից, ոչ թե «հատված ԾՆՆԴԱՏԱՆ ծննդաբերության գործընթացից»: Մեր թղթակցի՝ Աչաջրում լինելն էլ պայմանավորված էր ոչ թե «ծննդատան ծննդաբերությամբ», այլ հանրապետության մի քանի ծննդատների՝ նախարարության հայտնած «մահվան» գույժով: «5-րդ ալիքի» լրագրողը եւ օպերատորը ծննդաբերության ընթացքը լուսաբանելու համար ստացել են Աչաջրի առողջության կենտրոնի ղեկավարի թույլտվությունը եւ ծննդկանի գրավոր համաձայնությունը:

Ուրախ ենք, որ առողջապահության նախարարությանը մտահոգում է «ներհիվանդանոցային վարակների առաջացման եւ տարածման ռիսկը». մեր լրագրողը եղել է առանց դիմակի եւ գլխարկի (նկարահանող խմբի բոլոր անդամները եղել են խալաթով եւ բախիլով): Ընդունում ենք նախարարության մտահոգությունը եւ խոստանում այսուհետև ավելի ուշադիր լինել: Մեր հերթին հորդորում ենք ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչությանը վարույթ հարուցել՝ պարզելու՝ 2019թ.-ի մայիսի 8-ին նախարարության շենքում ապահովվա՞ծ են եղել օրենսդրությամբ սահմանված պայմանները, երբ նախարար Արսեն Թորոսյանը իր մի խումբ աշխատակիցների հետ ուղիղ եթերում պատվաստվել է մարդու պապիլոմա վիրուսի դեմ: Հույս ունենք՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչությունը տեղի չի տա նախարարի կանխարգելիչ հարվածներին եւ վարույթ կհարուցի այդ խիստ կարեւոր հարցի պատասխանը տալու համար: Ինչ վերաբերում է «քաղաքական դիվիդենտներ հավաքելու»՝ «5-րդ ալիքի» «անհագ ցանկությունը զսպելուն», առողջապահության նախարությանը հորդորում ենք օգտագործել զուսպ բառապաշար (արդեն երկրորդ դեպքն է, որ առողջապահության նախարարությունը «5-րդ ալիքի» խմբագրական քաղաքականությանը միջամտելու անհագ ցանկություն է արտահայտում), չվերադառնալ լրագրողներին դասավանդելու վնասակար առաքելությանը (արդեն երկրորդ դեպքն է, որ առողջապահության նախարարությունը իրեն վերապահում է լրագրության մեծավարպետի դեր) եւ, նախեւառաջ, մտահոգվել ազգային անվտանգության տեսանկյունից չափազանց ռիսկային «առողջապահական» նախաձեռնությունների ճակատագրով: Առողջություն եւ արդյունավետ աշխատանք ենք մաղթում նախարարության մեր գործընկերներին եւ առողջ համագործակցության հույս հայտնում:

«5-րդ ալիք» հեռուստաընկերություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել