Pastinfo.am-ը գրում է.

Փորձում ենք կանոնակարգել հետծննդյան այնպիսի դեպքերի վարումը, որոնք մինչ այս կասկածներ էին առաջացնում հղի կանանց մոտ, թե ուր է իրենց մահացած երեխայի դիակը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Վերջինս ընդգծեց՝ այդ մասը կանոնակարգման առումով մի քիչ բաց էր, փորձելու են այնպես անել, որ ամեն ինչ պարզ լինի և ծնողների համաձայնությամբ։

«Օրինակ երբ երեխան ծնվում է մահացած, կամ մահանում ծնարանում կամ էլ մի քանի օրերի ընթացքում հերձման կարգ կա, դիակի հետ գործողություններ իրականացնելու կարգ կա և դրանք ավելի ենք կանոնակարգելու, որ ոչ մեկի մոտ կասկած չառաջանա»,-նշեց նախարարը։

Արսեն Թորոսյանի խոսքով ապօրինի որդեգրումները բացառելու համար կանոնակարգելու են ծննդօգնության ծառայությունների մատուցումը։ Այդ գործընթացում ներառում են նաև այնպիսի գործընթացներ, որոնք կկանխարգելեն բուժաշխատողի և ապագա մոր միջև ոչ օրինական հարաբերությունները։

Նախարարը նաև տեղեկացրեց՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերը բացառելու նպատակով նախատեսում են բուժաշխատողների հետ իրականացնել կրթական ծրագրեր, քանի որ ըստ նախարարի՝ լսում ենք դեպքեր, երբ բուժաշխատողներն են դրդել մայրերին թողնել երեխաներին։

Դիտարկմանը, թե կրթական ծրագրերն ինչպե՞ս կարող են փոխել կոռուպցիայի պատրաստ մարդուն, Արսեն Թորոսյանն ասաց. «Բժշկական և համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ կօգնի, որովհետև հաճախ դրանք եղել են ի սկզբանե արատներով ծնված երեխաներ կամ թույլ հիվանդություններով, որոնք ավելի ուժեղ են ներկայացված։ Դրա համար եմ ասում՝ կա երկու մեթոդ՝ կանխարգելելու մեխանիզմներ և պատժի անխուսափելիություն»,-հավելեց Արսեն Թորոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել