1in.am-ը գրում է.
Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղում գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից հետո հուլիսի 14-ին կայանալիք ընտրություններում առաջադրված էին համայնքի ղեկավարի չորս թեկնածու՝ ապրիլի 2-ին սպանված գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի թիմակիցների աջակցությունը վայելող Վովա Սահակյանը, ով ևս դաշնակցական է, նախորդ ընտրություններում Հրաչ Մուրադյանի գլխավոր մրցակից, հանրապետական Արթուր Մուրադյանը, ինքնառաջադրված անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանը և անկուսակցական Ցոլակ Գրիգորյանը: Սակայն վերջինս օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջի միջոցով հանրությանը տեղեկացրեց, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Նա իր գրառման մեջ նշել էր, որ համայնքում ստեղծվել է լարված և պայթյունավտանգ միջավայր. անվստահությունն ու անհանդուրժողականությունը խորը հիմքեր են ձեռք բերել: Պռոշյանի գյուղապետի արդեն նախկին թեկնածուն նկարագրել էր, որ քաղաքական երկու բևեռները (նկատի ուներ ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն) շարունակում են իրենց պայքարը, որից տուժել և շարունակում է տուժել ժողովուրդը, և գյուղում երկփեղկվածությունն ավելի ակնառու և ճնշող է դառնում, գյուղացիներից ձայն կորզելու նպատակով գործածվում են ընտրական ամենալկտի մեթոդները:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Պռոշյան համայնքի ղեկավարի հանրապետական թեկնածու Արթուր Մուրադյանը հերքեց Ցոլակ Գրիգորյանի դիտարկումները գյուղում լարված իրավիճակի, երկփեղկվածության մասին: Ըստ նրա՝ գյուղում պարզապես համայնքի ղեկավարի ընտրություններ են և համապատասխանաբար՝ ընտրապայքար: «Պարզապես չգիտեմ՝ ինչու է նա նման արտահայտություններ արել: լարվածություն չկա, ես կարող եմ հավաստիացնել: Դա պարզապես առանձին կարծիք է, գյուղը շատ հանգիստ, խախանդ է: Նախընտրական հանդիպումներ եմ ունենում գյուղի ժողովրդի հետ, ոչ մի վիրավորական արտահայտություն ոչ մեկի հասցեին, ոչ մի թեկնածուի հասցեին չեմ արել, նման բան չեմ նկատել նաև դաշնակցական թեկնածուի կողմից: Շատ հանգիստ է»,- ասաց Արթուր Մուրադյանը:
Համայնքի ղեկավարի դաշնակցական թեկնածու Վովա Սահակյանը ևս նշեց, որ գյուղում լարվածություն չկա: Նա ասաց, որ նորմալ ընտրարշավ է ընթանում: «Հետո տեսնենք, եթե ոտնձգություն չանեն ՀՀ Ընտրական օրենսգրքի նկատմամբ, որոշ մարդիկ չփորձեն ՀՀ իշխանություններին արջի ծառայություն մատուցել, լավ կլինի: Ընտրությունները պետք է լինեն արդար, թափանցիկ, որովհետև վերջիվերջո արյուն է թափվել: Կթողե՞ն հանգիստ, ով կհաղթի, նրան գյուղը կընդունի, մենք էլ կշնորհավորենք: Իսկ եթե մի թեթև փորձ` մեր սահմանադրության օրենքներին հակառակ, արջի ծառայությունների մատուցում իշխանություններին և ինչ-որ քայլեր օրենքի շրջանակից դուրս, բնական է, որ գյուղում իրավիճակը կլինի ոչ թե լարված, պայթյունավտանգ, այլ անկառավարելի ու անկանխատեսելի, որովհետև սովորական ընտրություն չէ սա, հերթական ընտրությունը չէ: Ընտրությանը բնորոշ բոլոր ատրիբուտներից դուրս սա գյուղապետի սպանությունից հետո, գյուղի լարված իրավիճակում ընտրություն է, և հիմա բոլորը պետք է զգուշավորություն հանդես բերեն, ավելորդ ոչ մի բան չանեն և ամենակարևորն օրենքները չխախտեն»,- տեսակետ հայտնեց Վովա Սահակյանը: Վերջինս նաև ասաց, որ համայնքի ղեկավարի բոլոր թեկնածուները Պռոշյան գյուղի տղաներն են, և շատ հանգիստ է ընթանում ընտրապայքարը նաև այդ հանգամանքով պայմանավորված: Բայց, ըստ նրա, նույն այդ ժողովուրդը թույլ չի տա, որ գաստրալյորները կարողանան այս գյուղում եղանակ ստեղծել: «Թող թողեն ժողովուրդը հանգիստ ընտրություն կատարի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ առաջին անգամ չէ, որ խոսակցություններ կան Պռոշյան գյուղում պայթյունավտանգ իրավիճակի մասին: Այդպիսի մի իրավիճակ էր ստեղծվել նաև այն ժամանակ, երբ գյուղապետի ԺՊ նշանակվեց գյուղի բնակչուհի Արմենուհի Մելիքյանը, ով, իր իսկ խոսքով, հրաժարական ներկայացրեց մասնավորապես Հրաչ Մուրադյանի թիմակիցների աջակցությունը վայելող Վովա Սահակյանի կողմից ճնշումների պատճառով:



