Քանի օր է քաղաքում շատ եմ լինում ոչ այնքան հաճելի պատճառներով: Տարբեր մասերում, այնպիսի վայրերում եմ լինում, որ շատ վաղուց առիթ չէր եղել գնալու: Ամեն անգամ ավելի ու ավելի եմ մտահոգվում:
Երբ սկսեցի գիտակցել, թե որտեղ եմ ապրում, որն է իմ քաղաքը, ինչ տեսք ունի, հմայված ու հիացած էի: Հպարտանում էի Կուկուրուզնիկով, այգիներով, Մոնումենտի ոլորաններով, որոնք կարծես մի պահ քեզ կտրում էին քաղաքից, այնքան կանաչապատ ու գողտրիկ էին: Հայրս հաճախ էր մեզ տանում կրկեսի ներկայացումների և ամեն անգամը տոն էր դառնում: Փակ շուկայի կողքով անցնելիս, մտածում էի, որ ինչ որ արևելյան հեքիաթի պալատ է դա, որ հրաշքով հայտնվել է իմ քաղաքում ու ամեն անգամ ներս մտնելիս, այդ շքեղ կամարներին նայելիս, պատկերացնում էի, որ դա թագավորական սրահ է, ուղղակի, քանի որ մենք թագավոր չունենք, հիմա այստեղ ներկայացվում են իմ երկրի բարիքները:
Հիմա ո՞ւր է այդ ամենը: Չկա: Իմ քաղաքը տարել են անճաշակ պլաստիկ վիրաբույժի մոտ, որը միայն իր փողի մասին է հոգում: Բնավ չմտածելով քաղաքիս դեմքի կառուցվածքի մասին, իր փորձարկումներն է անում: Մի տեղ սափրում է, մի տեղ կտրատում, փոքրացնում, մի տեղ տնկում եսիմ ինչ գույներով երկնաքեր, որ բոլորովին վարդագույնին չի համադրվում: Ո՞ւր է Կուկուրուզնիկը, ինչո՞ւ կերան: Ո՞ւր է Փակ շուկան, Կրկեսը: Մտածում էի այդ ամենի մասին, իսկ այս օրերի ընթացքում հասկացա: Մեր տունը քանդվում է, որ այլևս տարբերություն չլինի, այստեղ ապրելու, կամ ինչ-որ անկապ, եվրոպաամերիկառուսաստանների օտար քաղաքներում: Երևանս «օտար» քաղաք է դարձել, ես չեմ ճանաչում իմ ծննդավայրը: Ցավում եմ, որ առանց ինձ հարցնելու, ՏԱՆՍ գեղեցիկ «որմնանկարներով» պատկերն առանց իմ կարծիքին նայելու սվաղում ու ներկում են եվրոգույներով, ինչ է թե, ասացեք խնդրեմ` մոդա է: Հասկանում եմ, գնում ֆռֆռում են այդ եվրոպաներում, խորանարդիկներով հավաքած շենքերում մի քանի աստղանի հանգիստ վայելում և մտածում. «Ապեեեր, որ մեր մոտ էլ սրանից սարքենք, կայֆ կլինի չէ՞»: Բայց շենքերի կրկնօրինակներով քաղաքս լցնելով չի, որ հասցնեք ձեր իմացած ստանդարտներին: Դա լրիվ ուրիշ բան է: Չգիտեմ... Եղածը քանդելով և քաղաքիս կենտրոնում անիմաստ, դատարկ էլիտարները տնկելով ոչ մի արժեքավոր բան չեք անում: Ցավն այն է, որ դա ձեզնից հետո եկողների վրա անհրաժեշտ հայեցի ազդեցության բնականությունն է խաթարում: ՄԱՐԴԸ ձևավորվում է նաև ձևերի շնորհիվ: Մեր պապերն իզուր չէին խոյակ ու կամար կառուցում: Չնայած, ո՞ւմ եմ ասում, զոռբայի պես կհրեք մի կողմ, կփակվեք ձեր տանկ-ջիպերի մեջ, ու քաղաքս սվաղելով կանցնեք: Ուժ ունեք, լսելիք այլևս պետք չէ…
Բայց մեկ է, ԵՍ ԱՅՍՏԵՂԻՑ ՉԵՄ ԳՆԱԼՈՒ: Թեկուզ սոված, բայց ԱՍՏԵՂ եմ մնալու: Ես իմ երկիրը չեմ լքի: Ուժ չունե՞մ, որ անխաթար ու անվնաս պահեմ, գոնե ձեր արածներից հետո կօգնեմ ուշքի գա, մենակ չթողնեմ: Դավադրաբար, անվերջ վիրահատվողին հավատարիմ խնամող է պետք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alina.derzyan/posts/581549318535016
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել