168.am-ը գրում է.

Պետության ղեկավարն իր առջև ծառացած բոլոր խնդիրները մի կողմ թողած՝ ամբողջ օրը զբաղված է սոցցանցերում և վիրտուալ տիրույթում մարդկանց հաճոյանալու և հերթական տեսարանն ապահովելու գործին։ Այլապես ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն հանգամանքը, երբ երկրի վարչապետը տնտեսության զարգացման և ազգային անվտանգութայն հարցերի մասին խոսելու փոխարեն՝ խոսում է ֆեյսբուքյան ֆեյքերի QR կոդի ու սատանայի մասին: Ավելին, այս հարցերում «հստակեցումներ» կատարելու մասով հատուկ հանձնարարականներ է տալիս Ազգային անվտանգության ծառայությանը։

Բավականին զարմանալի, ինչո՞ւ ոչ՝ զավեշտալի են դարձել Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներն ու տեղադրած հղումները։ Որոշակի ուսումնասիրություն անելուց հետո պարզ է դառնում, որ, ասենք, Իրանում տեղի ունեցած լուրջ աշխարհաքաղաքական զարգացումների օրը նա կարող է խոսել «ամանորյա բլինչիկից» և այլ անլուրջ թեմաներից։ Փաշինյանի ֆեյսբուքյան «սկանդալների» շարքը վերջին մի քանի օրերի ընթացքում հաջորդեց մեկը մյուսին։

Հունվարի 5-ին Արտանիշի լեռնագագաթը բարձրանալու քայլարշավի մասին նրա տեսանյութերն ու գրառումներն այս շարքից էին, երբ լեռան գագաթից Փաշինյանը խաղաղության կոչով հանդես եկավ՝ իր խոսքն ուղղելով ԱՄՆ-ի և Իրանի ղեկավարությանը։ Տվյալ իրավիճակում ակնհայտ էր, որ Նիկոլի խորհրդականներն ու PR-շիկների խումբը, թերևս, իրեն համոզել ու վստահեցրել էին, որ նա մերօրյա Միկոյանն է, և Անաստաս Իվանովիչի ոճով կարող է կանխել համաշխարհային մակարդակի բախումները։

Ֆեյսբուքյան հաջորդ, այսպես ասած՝ «կիքսը» հունվարի 6-ին նրա կողմից արված այն գրառումն էր, թե իբր ՀՀ-ն իր ՀՆԱ-ով գերազանցել է Վրաստանին ու Ադրբեջանին, որին շատ կարճ ժամանակ անց հրապարակավ պատասխանեց Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան՝ նշելով, թե ներկայացված թվերը սխալ են, քանի որ անտեսվել են տարրական մեթոդոլոգիական հարցերը։ Այլ կերպ ասած՝ Թուրնավան Փաշինյանին հասարակ մեթոդոլոգիական սկզբունքներ իմանալու մասին է հուշում։ Այսպիսով՝ ստացվում է այնպես, որ Փաշինյանի վիճակագրական մոլուցքն այն աստիճանի է հասել, որ դրան սկսել են արձագանքել անգամ հարևան պետությունները։ Իսկ այս ամենի հետ մեկտեղ՝ մեր ԱԳՆ-ի ու պատկան մյուս կառույցների կողմից ոչ մի համապատասխան արձագանք ու հայտարարություններ չհնչեցին։

Այսօր էլ՝ ժամեր առաջ, նա ներկայացնում էր, որ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված երկրի գործող ղեկավարը» ինքն է, այնինչ՝ դեռևս 20 տարի առաջ այդ կարգավիճակում հայտնվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Այս ամենն ակնհայտորեն խոսում է այն մասին, որ Փաշինյանն իրականում ամբողջովին կտրվել է իրականությունից (ինչպես ժամանակին նման կերպ նա ասում էր Սերժ Սարգսյանի մասին), կորցրել է իրականության ու ժամանակի զգացողությունը և ապրում է դեռևս իր կողմից ընդդիմադիր տարիներին ներդրված՝ ««Հայլուրի» Հայաստանում», որտեղ ամեն ինչ հրաշալի է, իսկ մարդիկ երջանիկ են ու անհոգ։ Ու սա ակնհայտ է դառնում Փաշինյանի ֆեսբուքյան ստատուսների բառամթերքից:

Կարդալով նրա գրառումները՝ անընդհատ հանդիպում ենք «Հայաստանի աննախադեպության», «բարի ցանկությունների», «անհագ ժպիտների» հետ կապված տեքստերի, ու կարևորն այն է, որ այս ամենը նա անում է բավական լուրջ ֆոնի վրա։ Վերը թվարկվածն ապացուցում է այն, որ ներկայումս Փաշինյանը գտնվում է լուրջ քաղաքական դեպրեսիայի մեջ, կորցրել է երկիրը կառավարելու իր պատկերացումների մոդելը, և ստեղծված լճացումն ու «քաղաքական տուպիկը» փրկելու համար ինչ-որ անհասկանալի գրառումներով ու գերմարդկային ձեռքբերումների, հայրենադարձության ու նմանօրինակ մանիպուլյացիաներով փորձում է ֆեյսբուքյան տիրույթում հերթական բուռն տեսարաններն ապահովել։

Այլ բնորոշմամբ՝ կա երկու զուգահեռ իրականություն. այն, ինչ իրականում տեղի է ունենում Հայաստանում, և այն, ինչ Ֆեյսբուքով մատուցում է Նիկոլը։ Ըստ էության, երբ նա ժամանակին իր ֆեյսբուքյան լայվերը մեկնաբանում էր՝ որպես ժողովրդի հետ թափանցիկ ու հաշվետվողական լինելու միջոց, այժմ պարզ է դառնում, որ նա այդ տիրույթում խոսում է միայն իրեն հարմար թեմաների մասին, իսկ բուն սկանդալների մասին միայն խոսում են «հակահեղափոխականներն» ու «նախկին ռեժիմի ստրուկները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել