Tert.am-ը գրում է.

Այս իշխանության համար իրենց PR-ն ամենակարևոր խնդիրն է և իրենց PR-ի համար ոչինչ չի խնայվում և մնացած բոլոր հարցերը ստորադասվում են իրենց գլխավոր խնդրին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով շվեյցարական Berner Zeitung թերթի հունվարի 7-ի համարում տպագրված «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով հոդվածին, որի մասին ֆեյսբուքյան իր էջում այսօր հրապարակում էր արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երվանդ Բոզոյանը նշեց, որ տրամաբանական է, որ իշխանությունը պետք է փորձի գովազդել իր գործունեությունը, թե՛ դրսում և թե՛ ներսում, մանավանդ որ դրսի հոդվածները մոգական ազդեցություն են թողնում նաև ներսի լսարանի համար:

«Այդ ձևաչափը բոլոր իշխանություններն էլ օգտագործում էին և այս իշխանությունն էլ բացառություն չէ, պարզապես բոլորի համար էլ տեսանելի է, որ Հայաստանում Կովկասյան վագրի թռիչքի զարգացում տնտեսության մեջ չկա և կարծում եմ, որ շարքային քաղաքացին այդ գովազդային հոդվածներից չէ, որ պետք է իր համար հետևություն անի: Մարդիկ ավելի առարկայական՝ իրենց գրպանի պարունակության արդյունքում են որոշում կայացնում, թե Հայաստանում արդյո՞ք վագրային թռիչք կա տնտեսության մեջ, թե ոչ, սա է խնդիրը»,- ասաց նա։

Նշենք, որ ըստ Politik.am կայքի՝ Հայաստանի մասին վերոնշյալ հոդվածն արժեցել է 6,900,000 դրամ:  Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կիսվել էր ամերիկյան Time պարբերականի հոդվածով, որտեղ Հայաստանն անվանվում էր Կովկասյան վագր, սակայն հոդվածը հրապարակվել էր գովազդային բաժնում, այսինքն՝ դրա համար վճարել էին:

Ըստ Բոզոյանի՝ նման պատվերով հոդվածները ոչ միայն ներքին, այլև արտաքին լսարանի համար են: Նա կարծում է, որ բացի ներքին լսարանից կա սփյուռքի գործոն, որտեղ իշխանությունը փորձում է պահպանել իր նախկին վարկանիշը, որը կար հեղափոխության առաջին օրերի ընթացքում: «Ըստ իս՝ թե՛ դրսում, թե՛ ներսում մարդիկ արդյունքով են գնահատում, և հեղափոխությունը ոչ թե բացարձակ արժեք է, այլ միջոց՝ երկրում փոփոխություններ իրականացնելու համար, երբ որ փոփոխություններ չեն լինում, ապա հեղափոխությունը սկսում է կամաց-կամաց արժեզրկվել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել