| Փորձագետ |
Կյանքում առհասարակ իմաստ ունի այն, ինչ ունի վերջ: Իմաստ ունի այն, ինչ ավարտ ունի, ժամկետ ունի: Եթե մի բան սահմանափակ չէ տեսանելի ժամանակի մեջ, ապա անիմաստ է. անիմաստ է վերլուծել, քննարկել, մտածել մի բանի մասին, ինչն ավարտ չունի, ինչի ժամանակային սահմանը մեզ համար տեսանելի չէ: Օրինակ, եթե դասը տևում է անվերջ, ապա այդ դասին ներկա լինելն անիմաստ է, քանի որ երբ էլ ասես՝ կգաս, կնստես, միևնույն է՝ այն անվերջ է: Եթե մարդ մահկանացու չլիներ, ամեն ինչ կդառնար անիմաստ՝ շտապել ճանաչել աշխարհը, փորձ ձեռք բերել, և այլն: Որևէ երևույթ իմաստավորվում է, եթե վերջավոր է:
Ուրեմն, անիմաստ է այսօր քննարկել այն հարցը, թե Հայաստանը պետք է անդամակցի Եվրամիությանը, թե Եվրասիական միությանը: Եթե դրված չեն նման որոշում կայացնելու հստակ ժամկետներ, ապա հարցն իմաստազրկվում է:
Անիմաստ է պայքարել կոռուպցիայի դեմ և խոսել դրա մասին, եթե չկան արձանագրված ժամկետներ՝ երբ է այդ պայքարի այս փուլն ավարտվելու և այդ ավարտի պահին ինչ արդյունքներ պետք է ունենանք:
Ամեն ինչ իմաստ ունի, քանի որ ավարտվում է, որովհետև ամեն ինչ ունի (պետք է ունենա) ավարտ՝ տեսանելի ժամանակներում:



