168.am-ը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը խոսքով՝ ինքը տեղյակ է ահազանգերի մասին, որ Գյումրու ավտոմաքսատան հերթերը գումարով վաճառվում են: Ավելին՝ դրա մասին տեղյակ է ոչ միայն ինքը, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վարչապետը ոստիկանապետին հանձնարարել էր, ես էլ իմ հերթին՝ գործընկերոջս խնդրել էի, որ ոստիկաններն ուժեղացնեն հսկողությունը։ Այդ հերթերի վաճառքը տեղի է ունենում մաքսային գոտուց դուրս, մինչև մաքսային գոտի մտնելը, մարդիկ վաճառում էին հերթերը։ Ասեմ, որ ոստիկանությունը շատ լավ գործ է կատարել, հատկապես դեկտեմբերի վերջին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Դավիթ Անանյանը։

Նա վստահեցրեց, որ Գյումրու ավտոմաքսատանն արդեն նման դեպքերը բացառվում են, քանի որ նման հերթեր այլևս չկան։

Անդրադառնալով ՀԴՄ կտրոնների տրամադրման չափին, Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա համեմատ ամբողջ հանրապետությունում դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ՀԴՄ-ն ավելացել է 32 տոկոսով, մոտավորապես 10,5 մլն ՀԴՄ է տրամադրվել։

«22 տոկոսով էլ ավելացել է շրջանառությունը, Երևանում ընդհանուրից այդ ցուցանիշները պակասել են, օրինակ, 22 տոկոս ընդհանուր շրջանառության մեջ Երևանը կազմում է 15 տոկոս, օրինակ՝ Սյունիքում ՀԴՄ կտրոնների քանակն ավելացել է 124 տոկոս»,- շեշտեց նա։

ՊԵԿ նախագահը նաև ընդգծեց, որ 100 տոկոսով ՀԴՄ կտրոն տրամադրելու մշակույթը դեռևս Հայաստանում չի ձևավորվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել