168.am-ը գրում է․

ՀՀ Քաղավիացիան չի հաստատում ռուսական լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը, թե Երևան-Սիմֆերոպոլ կանոնավոր չվերթեր են իրականացվելու մարտ ամսից: 168.am-ի հետ զրույցում ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի օգնական Ժենյա  Տեր-Վարդանյանը տեղեկացրեց, որ նման որևէ հայտ ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն չի ստացել:

«Մեզ նման հայտով չեն դիմել»,- վստահեցրեց  Քաղավիացիայի կոմիտեի ներկայացուցիչը:

Մեր հստակեցնող հարցին, թե բանակցություններ այս հարցի շուրջ չե՞ն ընթանում, Ժենյա Տեր-Վարդանյանը պատասխանեց, որ, եթե ինչ-որ բան լինի, Քաղավիացիան այդ մասին կտեղեկացնի:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Քաղավիացիան նման հայտ ստանալու դեպքում պետք է դիմեր ՀՀ ԱԳՆ-ին: «Սակայն մենք նման հայտի մասին տեղեկատվություն չունենք»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ ռուսական «ՌԻԱ Նովոստին» մեջբերել էր Ղրիմի խորհրդարանի տուրիզմի, հանգստավայրերի և սպորտի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակին, ով նշել էր, որ այս տարվա մարտից նախատեսվում է կանոնավոր չվերթեր բացել Սիմֆերոպոլի և Երևանի միջև։

«Այս տարվա մարտից նախատեսվում է կանոնավոր թռիչքներ սկսել Ղրիմի և Հայաստանի միջև: «Икар» ավիաընկերությունն արդեն ստացել է կանոնավոր չվերթերի համար համապատասխան թույլտվությունն ու համաձայնությունը Ռոսավիացիայից: Այժմ հարցը գտնվում է նախապատրաստման և հաստատման փուլում՝ ներառյալ թռիչքների ժամանակացույցն ու օդանավակայանների հետ համաձայնագրերը: Չվերթերը նախատեսվում են շաբաթական երկու անգամ: Դրանից հետո արդեն, ըստ պահանջարկի, բայց ոչ ավելի, քան շաբաթական 7 անգամ»,- ասել էր Չերնյակը:

Չերնյակը նաև նշել էր, որ Սիմֆերոպոլի և Երևանի միջև թռիչքները կլինեն առաջին կանոնավոր միջազգային չվերթերը՝  Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից հետո: «Սա լավ օրինակ կլինի Չինաստանի և Թուրքիայի, ինչպես նաև այլ երկրների և ավիաընկերությունների համար, և ավելի կամրապնդի Սիմֆերոպոլի օդանավակայանի միջազգային կարգավիճակը»,- ասել է հանձնաժողովի ղեկավարը: Նշվել էր, որ ռուսական «Икар» ավիաընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին, սակայն 2015 թվականից ի վեր այն իրականացնում է թռիչքներ Pegas Fly առևտրային անվամբ:

Նշենք նաև, որ չվերթերի նման ուղղության բացման մասին ռուսական ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում արդեն մի քանի տարի շարունակ, և հատկապես՝ Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո: Ավելորդ է նշել, թե չվերթերի նման ուղղության բացումը Հայաստանի համար ինչպիսի  արտաքին քաղաքական խնդիրների պատճառ կարող է դառնալ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ դեռ ոչ մի երկիր նման չվերթեր իրականացնելու համար թույլտվություն չի տվել, և ըստ էության Հայաստանը կլիներ առաջին երկիրն այդ ուղղությամբ կանոնավոր չվերթեր բացելու թույլտվություն տալու դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել