168.am-ը գրում է․

Հարցազրույց  ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ:

– Պարոն Դավթյան, Դուք հրավեր կամ գրություն ստացե՞լ եք Ապրիլյան գործողությունները հետաքննող ԱԺ հանձնաժողովից:

– Ապրիլյան գործողությունները հետաքննող ԱԺ հանձնաժողովի կողմից դեռևս հրավեր չեմ ստացել:

-Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է  դիմել ԱԺ  նախագահ Արարատ Միրզոյանին՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների  ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի  գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգելու համար։ 2016-ին Դուք ՀՀ ԶՈւ օպերատիվ վարչության պետն էիք, Ըստ Ձեզ՝ մենք ժամանակին ունեցե՞լ ենք  համապատասխան հետախուզական տվյալներ (դիվերսիոն կամ լայնածավալ ռազմական գործողությունների մասին): Եթե այո, ապա որտե՞ղ են խնդիրներ առաջացել, գուցե հետախուզական տվյալների  փոխանցումից հետո օպերատիվ համապատասխան միջոցներ չե՞ն ձեռնարկվել:

– Ձեր կողմից պահանջվող տեղեկությունը հույժ գաղտնի է, և այն հրապարակման ենթակա չէ:

 Այսօրվա դրությամբ որքանո՞վ են հայկական ուժերն Արցախում և ՀՀում պատրաստ նման հանկարծակի սադրանքների կամ հարձակումների:

– ՀՀ զինված ուժերը միշտ պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները:

-Վերջերս դարձյալ որոշ զինվորականների և փորձագետների կողմից ակտիվացել են պնդումները  նախիջևանյան հատվածում իրավիճակի հնարավոր սրացման, ադրբեջանաթուրքական տանդեմի  կողմից հստակ գործողությունների, թուրքական զինուժի կուտակումների մասին: Դուք, որ 2017-ին 5րդ զորամիավորման հրամանատարն էիք, ի՞նչ կասեք այդ մասին: Եվ առհասարակ, դիրքային և  ուժային առավելությունն այդ թևում այսօր ո՞ւմ կողմն է՝ հայկակա՞ն, թե՞ հակառակորդի: Ի դեպ,  մոտ մեկ տարի առաջ խոսվում էր նաև Նախիջևանի հատվածում տարածքային կորուստների մասին:

– Ձեր կողմից պահանջվող տեղեկությունը գաղտնի է, և այն հրապարակման ենթակա չէ: Ինչ վերաբերում է 1 տարի առաջ տարածված տեղեկություններին, դրանք իրականությանը չեն համապատասխանում:

 -Այս համատեքստում խնդրումենքանդրադառնալ նաև Տավուշի հատվածում դիրքային  առավելություններին:  Տեղեկություններ կան, որ Տավուշի ուղղությամբ Ադրբեջանը երեք բազա է բացել 2019-ին, որոնցից յուրաքանչյուրը  մոտավորապես մեկ գումարտակի չափ է: Դրանք այն  ենթակառուցվածքներն են, որոնք պիտի սպասարկեն առաջնագիծը: Ըստ այդմ՝  հայկական կողմը սրան համարժեք ի՞նչ ինժեներաշինարարական  աշխատանքներ է իրականացրել:  

– Ձեր կողմից պահանջվող տեղեկությունը գաղտնի է, և այն հրապարակման ենթակա չէ:

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2018-ի մայիսից ի վեր ՀՀն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն: Որքան հայտնի է՝ սպառազինության պայմանագրերի կնքումը երկարատև գործընթաց է պահանջում: Խնդրում ենք ներկայացնել, թե 2018-ի մայիսից ի՞նչ պայմանագրերի գործընթացներ են սկսվել և ավարտին հասցվել:

– ՀՀ վարչապետի կողմից կատարված հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ ԶՈւ-ի կողմից ձեռք բերված սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակներին՝ համապատասխանում են իրականությանը: Ինչ վերաբերում է նոր ձեռքբերումների ընթացակարգերին, դրանք ենթակա չեն հրապարակման, քանի որ իրականացվում են փակ գաղտնի ընթացակարգով, որոնց հրապարակումը կարող է վտանգ հանդիսանալ ՀՀ ազգային անվտանգությանը:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ հասարակության իրազեկման համար համապատասխան տեղեկությունը մշտապես հասցվում է հանրությանը ՀՀ ՊՆ պաշտոնական հայտարարությունների միջոցով՝ թույլատրելիի սահմաններում:

Հ.Գ. Հավելենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին հասցեագրված հարցերը գրավոր ուղարկվել են 2019-ի դեկտեմբերի 17-ին, պատասխանները մոտ 10 օրվա ընթացքում պատրաստ են եղել, սակայն փոստային ծառայության միջոցով պաշտոնական գրությունը միայն այսօր է ստացվել խմբագրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել