168.am-ը գրում է․

168 TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում իրանագետ Արտյոմ Տոնոյանն ասաց, որ Ղասեմ Սուլեյմանիի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների սպանությունն իրավիճակն այնքան չի սրի, որ սկսվի երրորդ համաշխարհային պատերազմ, ինչպես կանխատեսում են որոշ փորձագետներ:

«Տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ 2020 թվականը լարված է լինելու, համենայնդեպս, այդ տարածաշրջանում: Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը, չեմ կարծում, որ հեշտ մարսելի իրադարձություն է: Նա Իրանի Իսլամական Հանրապետության ամենաառանցքային կերպարներից էր վերջին 2-3 տասնամյակների ընթացքում, անգամ դրանից առաջ մասնակցել է իրանաիրաքյան պատերազմին, ուներ մեծ հեղինակություն: Նրա սպանությունը մեծ հարված էր իրանական պետականության համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ գործողությունների առումով Իրանի գործիքակազմը տարբեր է:

«Եթե հասկանանք, թե ինչպես է գործում նմանատիպ իրավիճակներում Իրանը, ապա չեմ կարծում, որ դա լինելու է անմիջապես այսօր կամ վաղը, բայց միանշանակ տարբեր գործիքներ ունի պատասխանելու համար: Դա վերաբերում է հատկապես մերձավորարևելյան տարածաշրջանում իրանական ուժեղ ներկայությանը և այս նույն տարածաշրջանում ամերիկյան ներկայությանը, ամերիկյան ռազմաբազաների գոյությանը, դեսպանատների գոյությանը, և Իրանը տարբեր մակարդակներում ունի պատասխանելու հնարավորություն»,- ընդգծեց նա:

Իրանի կառավարությունը հայտարարել է միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին, և Արտյոմ Տոնոյանի խոսքով՝ դա ենթադրում է միջուկային ծրագրի հետ կապված որոշակի ակտիվացում. «Թեև հայտարարվում է, որ խաղաղասիրական է այդ ծրագիրը, բայց այնուամենայնիվ, հատկապես վերջին տասնամյակում տեղի ունեցած գործողությունները հուշում են, որ Արևմուտքում կա վախ, որ այդ ծրագիրը կարող է վերափոխվել այլ բանի»:

Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել էր. «Ամերիկացիները չեն հասկացել, թե ինչ մեծ սխալ են գործել: Հետևանքներին նրանք կբախվեն ոչ միայն այսօր, այլև առաջիկա տարիներին»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է ակնարկում Ռուհանին:

«Ակնարկվող առաջին կետերից մեկը վերաբերում է միջուկային ծրագրին, իսկ երկրորդը՝ առհասարակ, Մերձավոր Արևելքից ամերիկյան ներկայության բացառմանը: Այսօր Իրանի խորհրդարանում ընթացավ նիստ, և խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ Իրանն իր գործողություններով պետք է ընդհանրապես բացառի ամերիկյան ներկայությունը Մերձավոր Արևելքում»,- ի պատասխան՝ ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, որ ի վիճակի են հետևել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր, և անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են. «Իսկ տնայնագործ գեոպոլիտիկներին, ովքեր ուզում են խուճապ տարածել, մի խորհուրդ կտամ՝ հանգիստ նստեք տեղներդ»: Արտյոմ Տոնոյանն ասաց, որ «տնայնագործ գեոպոլիտիկներ» արտահայտությունն իրանագետներին չի վերաբերում. «Այդ իրադարձություններում ներգրավված է Իրանը, և ով պետք է մեկնաբանի այդ ամենը, եթե ոչ՝ հենց իրանագետները, հետևաբար՝ դա մեզ չէր վերաբերում: Եթե այդ ինստիտուտների թվում վարչապետը նկատի ուներ ԵՊՀ իրանագիտության ամբիոնը, ապա շատ ճիշտ էր, որովհետև առաջին արձագանքողը հենց ԵՊՀ իրանագիտության ամբիոնն էր»:

Ադրբեջանի կողմից տարածված կեղծ տեղեկատվությունն էլ, թե իբր Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին՝ Սուլեյմանիի սպանության առիթով, ըստ նրա՝ առաջին անգամ հայտնաբերեցին, ու դրա մասին բարձրաձայնեցին հենց իրանագետները. «Չափազանց կարևոր էր, որ շատ արագ հերքվեց, քանի որ ՀՀ-ն կարողացավ կանխարգելել այդ տեղեկատվության տարածումը, և այն ծրագիրը, որ մշակված էր Ադրբեջանի կողմից, տապալվեց և ունեցավ հակառակ ազդեցությունը: Իրանական լրատվամիջոցները տարածեցին ՀՀ վարչապետի հայտարարությունը, և իրականում խայտառակ իրավիճակում հայտնվեց հենց ինքը՝ Ադրբեջանը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել