Armdaily.am-ը գրում է․

Պետք է տարբերակել այն միջոցառումները, որոնք իրականացվել են պետական մակարդակով, և որոնք անհատների, նվիրյալների և առանձին ստեղծագործող անձերի կազմակերպելու արդյունքն է եղել։ 2019 թվականը ինձ համար խորհրդանշվում է կոմիտասյան 150-ամյակով և դիտարկմանս կետը դա է, բոլոր իրադարձությունները փորձում եմ համակարգել այդ նշանի տակ։

Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց երաժիշտ Վահան Արծրունին՝ խոսելով 2019 թվականի մշակութային կյանքի մասին։

Դիտարկմանը, որ սա առաջին տարին էր, երբ մի քանի նախարարություն միացան և այլևս չունենք առանձին մշակույթի նախարարություն, երաժիշտը պատասխանեց.

«Ես որևէ փոփոխություն չզգացի։ Ըստ էության՝ այդ փոփոխությունները պետք է զգան այդ նախարարութան ներսում աշխատող մարդիկ, քանի որ ընդհանուր միջավայրի և ենթամշակութային զարգացումների վրա դա որևէ անդրադարձ չունեցավ։ Փոխվեցին երկու ղեկավարներ՝ Արա Խզմալյանը և Նարինե Թուխիկյանը, և որևէ այլ փոփոխություն ես այդտեղ չեմ տեսնում։ Անգամ ինչպես գիտեք մի շարք միջոցառումներ անցկացվում էին դեռևս նախկին կազմի կողմից հաստատված գրաֆիկով, և խնդրահարույց պերֆորմանսը, և մնացած այլ բաներ։ Կարող եմ ասել, որ ես կառուցողական որևէ փոփոխություն չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է Կոմիտասի 150-ամյակին, չեղավ այնպես, ինչպես խոստացվել էր՝ չունեցանք կոմիտասյան տարի։ Մենք, իհարկե, ունեցանք մի շարք միջոցառումներ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս, բայց տարին, որը որ կշնչեր Կոմիտասով, մենք չունեցանք։ Սա հայեցակարգային մոտեցումների յուրահատկության պահ է, քանի որ մշակույթի նախարարությունն իր բանաձևն ունի և դաշտն ընկալում է հատուկ ստեղծագործական միավորներ՝ սկսած ակապելլայից մինչև անհատ կատարողներ։ Այդ պատճառով իրենց համար կազմակերպել էր այդ ընթացքը, բայց գլոբալ առումով եթե դիտարակենք հայաստանյան և սփյուռքի ստեղծագործողների լանդշաֆտը, անշուշտ, դա քիչ էր։ Դրա փոխարեն մենք ունեցանք բազմաթիվ միջոցառումներ, որոնք անհատների նախաձեռնությամբ է եղել»։

Վահան Արծրունին սեփական նախաձեռնությամբ 10 համերգ է կազմակերպել և ինչպես ինքն է ասում, բավարարված է, քանի որ այն ծրագրերը, որոնք իր համար նախագծել էր, բոլորն իրականացրել է։

«Կային գործառույթներ, որոնք կարելի էր ավելի լավ կազմակերպել և հանրության բոլոր շերտերն իրապես ներգրավված կլինեին։ Սա կոմիտասյան տարվա հանրահռչակման գաղափարը և նպատակը պետք է լիներ»,-շեշտում է երաժիշտը։

Խոսելով 2020 թվականի ակնկալիքների մասին՝ Արծրունին նշեց.

«Փոփոխությունների, միավորված նախարարության գործելաոճը դիտարկելիս հասկացա, որ մեր՝ անհատ կատարողների, ստեղծագործողների անելիքները անփոփոխ են։ Մենք իհարկե կարող ենք ինչ-ոչ չափով կապվել նրանց հետ որոշակի աջակցություն ակնկալելով, բայց գլոբալ առումով համակարգային աջակցություն դեռևս չկա, քանի դեռ չեն հրապարակել իրենց ռազմավարությունը։ Ինձ հետաքրքիր է, թե ինչ է իրենց ներկայացնում այդ փաստաթուղթը։ Հանրային կառույցների մակարդակով այդ պրոցեսը հնարավոր է տեղից շարժել, և մենք դրա օրինակներն էլ ունենք։ Նույն Կոմիտաս 150-ի հետ կապված հանրային ռադիոյի՝ ստուդիան բոլոր երաժիշտներին և նոր կոմիտասյան ֆոնդ ստեղծելը իր փայլուն ավարտին է բերվելու հունվարի 23-ի համերգին։ Չկապվելով պետական ծրագրերի հետ, կարելի է կազմակերպել որոշակի ընթացք, որը կտա ստեղծագործական լուրջ արդյունք»։

Երաժիշտը նշում է, որ ինքը կցանակար, որ նախարարությունը որոշակի հստակեցում մտցներ իր դրսևորումների մեջ, տեսնեինք մշակութային քաղաքականությունը, հրապարակեն իրենց ռազմավարությունը։

«Դա լուրջ փատաթուղթ պետք է լինի, դա 30 տարվա մեջ առաջին լուրջ քայլ է լինելու»,-ընդգծեց Արծրունին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել