Իրանը հանդես է եկել Միացյալ Նահանգների կողմից Սիրիայում և Իրաքում «Քաթայիբ Հըզբոլլահ» խմբավորման դիրքերի ռմբակոծման խիստ քննադատությամբ և այդ գրոհները որակել է ահաբեկչության ցուցադրություն: Այդ մասին, ինչպես հայտնել է Press TV իրանական հեռուստաալիքը, դեկտեմբերի 30-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին՝ տեղեկացնում է TASS-ը:

«Իրանն ամենայն վճռականությամբ դատապարտում է ավիահարվածները «Քաթայիբ Հըզբոլլահ»-ի դիրքերին և այդ հարձակումը դիտարկում է որպես ահաբեկչության ցուցադրություն»,- նշել է Մուսավին: Նա Վաշինգտոնից պահանջել է «անհապաղ դադարեցնել միջամտությունը Իրաքի ներքին գործերին և հարգել նրա ինքնիշխանությունը»:

Մինչդեռ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը, մեկնաբանելով Իրաքում և Սիրիայում «Հըզբոլլահ» շարժման օբյեկտներին ԱՄՆ-զինված ուժերի հարվածները, հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ:

Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել «Քաթայիբ Հըզբոլլահ» շարժման հինգ օբյեկտների Իրաքում և Սիրիայում՝ «ի պատասխան Իրաքի ռազմակայանների վրա կրկնվող գրոհների»:

Պաշտպանական գերատեսչությունում պարզաբանել են, որ այդ գործողությունները ձեռնարկվել են որպես պատասխան Քիրքուկի մերձակա իրաքյան ռազմակայանի վրա շարժման գրոհների, որոնք հանգեցրել են ԱՄՆ մեկ քաղաքացու մահվան և չորս զինծառայողների վիրավորվելուն:

Պենտագոնում նշել են, որ այդ հարվածները միտված են այն բանին, որ նվազեցվի կոալիցիայի ուժերի դեմ «ապագայում գրոհներ» իրականացնելու՝ խմբավորման հնարավորությունները: ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին «Հըզբոլլահ»-ին հովանավորելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել