Armlur.am-ը գրում է․

Անցնող տարում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սպասարկած ուղևորների թիվը գերազանցել է 3 միլիոնը: Այդ կապակցությամբ Մոսկվա-Երևան չվերթով ժամանող բոլոր ուղևորներին մատուցվեցին անակնկալ նվերներ:

Դեկտեմբերի 30-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Այդ չվերթի բոլոր ուղևորներին մատուցվեցին խորհրդանշական նվերներ՝ խմիչք, քաղցրավենիք և երաժշտություն: Կարծում եմ, որ շատ գեղեցիկ անակնկալ էր, քանի որ ուղևորների տպավորությունները տեսնելով, հասկանում ենք, որ անակնկալը ստացվել է»,- ասաց Հովհաննիսյանը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատուն նշեց, որ նախորդ տարի «Զվարթնոց»-ում ուղևորահոսքը եղել է 2 միլիոն 690 հազար մարդ, և այս տարի, նախորդ տարվա հետ համեմատությամբ, մոտ 11 տոկոս աճ է գրանցվել:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատուի խոսքով` աշխատանքներ են իրականացվում տարբեր գերատեսչությունների կողմից Հայաստանի ճանաչվածությունը բարձրացնելու նպատակով:

«Կարծում եմ, հետագայում աշխատանքները ավելի մեծ թափով կիրականացվեն, և ուղևորներն ավելի շատ կլինեն»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սկսել է գործել 1961 թվականից: Այն ժամանակ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասարկում էր միայն նախկին Խորհրդային Միության տարածքում չվերթեր իրականացնող ինքնաթիռների: 2001 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության և արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև ստորագրվեց պայմանագիր՝ համաձայն որի Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը: 2002թ. հունիսից «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ստանձնում է օդանավակայանի կառավարումը: Այդ օրվանից ի վեր ծավալուն աշխատանքներ են իրականացվել օդանավակայանի արդիականացման և ընդլայնման ուղղությամբ: Դեռևս 1985թ. Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից (ICAO) օդանավակայանին շնորհվել է 2-րդ կարգ: Հետագայում օդանավակայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով ամբողջությամբ վերանորոգվել է թռիչքուղին, տեղադրվել են անվտանգության, տեղեկատվական և հաշվառման նոր համակարգեր, վերանորոգվել են VIP սրահները, կառուցվել է ուղևորային լիովին նոր համալիր, որի ժամանման սրահը շահագործման է հանձնվել 2006թ. սեպտեմբերի 14-ին, իսկ մեկնման սրահը՝ 2007թ. մայիսի 25-ին: 2008թ. գարնանը սկսվեց նոր համալիրի հանրային գոտու շինարարությունը: Նոր 52.000 քմ համալիրում կրկնապատկվեցին ուղևորների հաշվառման սեղանները, զննման կետերը: Կառուցվեց նոր ստորգետնյա ավտոկայանատեղի: Ուղևորային նոր համալիրը շահագործման հանձնվեց 2011 թ. աշնանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել