Դեռևս հին ժամանակներում էին մեր նախնիները կտավատի սերմերն օգտագործում սննդի մեջ, սակայն վերջերս, որպես արժեքավոր դեղաբույս, այն կորցրել էր իր նշանակությունը: Երկար ժամանակ մարդիկ չգիտեին առողջության համար կտավատի սերմերի օգտակար հատկությունների մասին:
Այդ փոքրիկ հատիկներն օգտագործվել և այժմ էլ օգտագործվում են հացաբուլկեղենի, իսկ դրանից ստացված ձեթը` յուղաներկերի արտադրության, սերմերից ստացված քուսպը երբեմն ավելացվում է անասնակերի մեջ: Եվ միայն վերջին տասնամյակներում սկսեցին խոսել դրա սննդի մեջ օգտագործելու և բուժական հատկությունների մասին:
Կտավատի սերմերի օգտակար հատկությունները
Ինչպես պարզվել է վերջին գիտական հետազոտությունների ընթացքում, կտավատի սերմերը կիսաչհագեցած ճարպաթթուների, բջջանյութերի և լիգնանի արժեքավոր աղբյուր են հանդիսանում: Այն հարուստ է կալիումով, վիտամին E-ով, անփոխարինելի ամինաթթուներով և հանքանյութերով:
Կտավատի սեմերի մեջ պարունակվող կիսաչհագեցած ճարպաթթուները, այդ թվում նաև` օմեգա-3 և ալֆա-լինոլաթթուն, մեր բջիջները պաշտպանում են քաղցկեղային հիվանդություններից, ճնշում արդեն առկա ուռուցքների աճը, և նպաստում մարդու իմունային համակարգի աշխատանքի լավացմանը:
Սերմերում պարունակվող բջջանյութերը նվազեցնում են քաղցկեղով հիվանդանալու ռիսկը, իր մեջ ներծծելով աղիների վնասակար նյութերը և ուժեղացնելով գալարակծկանքը: Բացի այդ՝ բջջանյութը պաշտպանում է աթերոսկլերոզից և նպաստում քաշի նվազեցմանը:
Կտավատի սերմերի մեջ պարունակվող մեծ խտությամբ լիգնանն օժտված է ուժեղ հակաօքսիդանտային, հակաքաղցկեղային և հակաալերգենային հատկություններով: Լիգնաններն օրգանիզմը պաշտպանում են կրծքագեղձի և շագանակագեղձի քաղցկեղից:
Կտավատի սերմերի բուժական հատկությունները
Սննդի մեջ պարբերաբար օգտագործելով՝ կտավատի սերմերը լավացնում են երիկամների, լյարդի, վահանագեղձի և ստամոքս-աղիքային ուղու աշխատանքը, պաշտպանում տրոմբոզից, նվազեցնում սիրտ-անոթային և քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը: Բացի վերը թվարկվածից, սերմերն օժտված են նաև երիտասարդացնող և հակամանրէային հատկությամբ, այն թուրմի ձևով օգտագործվում է որպես խորխաբեր, լուծողական և հակաբորբոքային միջոց:
Կատատի սերմերն սննդի մեջ որպես հավելում է օգտագործվում, այն շատ է օգնում նիհարել ցանկացողներին: Մանրացրած սերմերը հարկ է օգտագործել օրական 1 ճաշի գդալ՝ ավելացնելով սննդին, օրինակ` շիլաներին, աղցաններին և շոգեխաշած բանջարեղենին: Դրա օգուտը կրկնակի է. օրգանիզմը ստանում է շատ արժեքավոր հանքանյութեր և վիտամիններ, դրա հետ մեկտեղ աստիճանաբար քաշն է նվազում:
Ինչպես օգտագործել կտավատի սերմերը
Դրանք կարելի է օգտագործել ինչպես ամբողջական, այնպես էլ մանրացրած ձևով: Ավելի լավ է սերմերը թրջել երեկոյան, իսկ հետո դրանք ամբողջ օրվա ընթացքում օգտագործել սննդի մեջ:
Բացի այդ՝ օգտակար հատկություններով է օժտված նաև կտավատի ձեթը, սակայն արժեքավոր նյութերը շատ չեն դրանում, որովհետև քամելուց հետո դրանք մնում են քուսպի մեջ: