Ղազախստանի Ալմաթի քաղաքում կործանված Fokker-100 ինքնաթիռի ուղևորուհի Գուլնարա Կոշենովան Россия-1 հեռուստաալիքի եթերում պատմել է, թե ինչ է տեղի ունեցել օդանավում ավիավթարի պահին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Կոշենովայի խոսքով՝ օդանավը սկսել է ցնցվել թռիչքի մեկնարկից անմիջապես հետո: Շուտով ցնցումներն ուժեղացել են, և ինքնաթիռի սրահում «ամեն ինչ սկսել է թարթել», դարակներից թափվել են ուղեբեռները:
«Ես գլխով կռացա ծնկներիս վրա, երբ այդ ամենն սկսվեց: Երբ բարձրացրի գլուխս, արդեն օդանավի դիմացի հատվածը չկար: Սրահը ներսից կարծես կորացել էր»,- պատմել է ուղևորուհին:
«Ինքնաթիռից դուրս գալու համար ուղևորները կոտրել են վթարային դուռը, իսկ տղամարդիկ սկսեցին օգնել մյուսներին դուրս գալ: Երեխաների շրջանում շատ էին վնասվածք ստացողները: Մարդիկ արյան մեջ պառկած օգնություն էին խնդրում: Ես վախենում էի ձեռք տալ»,- կիսվել է հիշողություններով Գյուլնարան:
Վերջինս հավելել է, որ իրենք շատ երկար են շտապ օգնության սպասել: Նրա խոսքով՝ դրսում շատ մութ էր, երբ ուղևորները սկսել են դուրս գալ օդանավից:
Հիշեցնենք, որ Bek Air ավիաընկերության օդանավն Ալմաթիի օդանավակայանից թռիչքի մեկնարկից կարճ ժամանակ անց կորցրել է բարձրությունն ու կործանվել: Օդանավում 93 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ է գտնվել: Վերջին տվյալներով՝ 12 մարդ է զոհվել: Վիրավորներից 10-ի վիճակը ծանր է գնահատվում: