Գյումրիում բոլորն էին ճանաչում Արտոյին. խելառ Արտոյին. Նա գարնանը ձյունը քաշվելուն պես, իրենց նախիրը տանում էր դաշտ արածացնելու, մինչև ցուրտ աշուն ձյունը դնելը: Նա իմ հիշողության մեջ միշտ մնացել է ոտաբոբիկ, ծառի ճյուղից սարքած մեծ ձեռնափայտը ձեռքին, քրքրված շորերով: Ձեռնափայտով հաճախ էր խփում կովերին, կամ էլ լարում էր երեխաների հետևից, ովքեր իր վրա ծիծաղում էին: Արտոն մեր ուրախությունն էր. հենց տեսնում էինք, քար էինք շպրտում, որ մեր հետևից ընկներ, հայոյեր, ինքն էլ մեր հետևից էր քար գցում, կամ ձեռքի փայտով էր վախեցնում. մի խոսքով մեր ուրախությունն էր Արտոն:
Նրա մասին տարբեր անեկդոտներ էին պատմվում, որն իրական, որը հորինված:
-Նա բոլորին ասում էր,-
-Գիտե՞ք Ամերակացին մայիսյան բզեզներ է բաց թողել, օդի մեջ ման գուկան, հիվանդություն կտարածեն:
Նրա ասած ամեն բառը մեզ համար ծիծաղաշարժ էր, էլ չեմ ասում հենց ինքն իր բոբիկ ոտքերով ու իր հագ ու կապով, ձեռքի շարժումով, կովերի հետևից վազելով ու հայոյելով... բայց Արտոյի հետ կապված թեռևս ամենածիծաղաշարժը
հորեղբորս կինն էր պատմում, թե ինչպես Արտոյի ծնողները, որոնք բավականաչափ հարուստ են եղել, Գյումրիի գյուղերիից մեկում մի աղքատ ընտանիքից աղջիկ են գտնում և Արտոյին որոշում են ամուսնացնել: Աղջկա ծնողները մտածում են. ոչինչ, որ ծալը պակաս է գոնե Արտոյի ծնողների ունեցվածքը կմնա իրենց աղջկան:
Արտոն ծնողների միակ զավակն էր: Առաջին գիշերը երբ հարսն ու փեսան գնում են քնելու, խեղճ Արտոն իր պարտականությունը չի իմանում. առաջվա նման շորերով ընկնում է անկողնու վրա ու սկսում է խռացնել: Հարսը չնայած աղքատի աղջիկ է լինում, բայց գործից գլուխ է հանում. Սկսում է Արտոյին թափահարել, որ արթնանա ու կատարի իր ամուսնական պարտականությունը, բայց
Արտոյին քնից հանե՞լ կլիներ: Հարսը ջղայնացած սկսում է կսմթել...
Վերջապես Արտոն զարթնում է ու գոռում.-
-Աղջի ինձնից ի՞նչ կուզես...
Արտոն շուռ է գալիս ու նորից քնում: Հարսի համբերությունը հատնում է, ամեն կերպ խանգարում է, որ նա չքնի ու անպայման կենակցեն, որ կարմիր խնձոր ուղարկեն ծնողներին, որ գյուղում ավել, պակաս չխոսեն:
Իսկ Արտոյի համար կարելի է ասել, որ անգամ պատկերացնում չուներ, թե հարսի ուզածն ի՞նչ է և հերթական կսմթոցի ժամանակ այնպես է գոռում, որ հարսը վախեցած կծկվում է անկողնու մի անկյունում:
-Քեզի կըսեմ թող քնեմ, թե չէ մորս խաբար կուտամ ,-
ՈՒ վախեցնելու համար բարձր ձայնով կանչում է,-
Մա՜, ըսոր ըսա...
Խեղճ հարսն այդպես էլ չի քնում. լույսը բացվելուն պես թաքուն բռնում է գյուղ տանող ճանապարհը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sona.arshuneci/posts/557420750963971?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել