Մի քիչ երկար ստացվեց, բայց խնդրում եմ` կարդացեք...

Համացանցը ցնցած հայտնի նկարների մասին:

Ինքս տեղյակ չեմ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, սակայն տեղյակ եմ, որ քննարկվում է երկու տարբերակ. 1-ին՝ հրահանգ է եղել, որ սնունդ չգա տներից, և 2-րդ` հրամանատարը ալկոհոլ է հայտնաբերել սննդի արկղերում:

Անդրադառնամ հերթով:

Ովքեր զինվոր են ունեցել, հատկապես դիրքապահ, գիտեն, որ սնունդը ծնողների կողմից ուղարկվում է հատուկ մեքենայով, որի, այսպես ասած, պարտականութունը ծնողի ծանրոցը որոշակի գումարի դիմաց զորամաս հասցնելն է: Եթե հրահանգ է եղել, որ սնունդ չուղարկեն տանից, ապա, միանշանակ, հենց այդ ավտոմեքենայի վարորդին առաջինը կզգուշացնեին, որ ծնողներից սնունդ չընդունի. սա` ըստ տրամաբանության: Ոչ թե սնունդը գա, մտնի զորամաս, գնա, հանգիստ պահեստավորվի ու հետո նոր արժանանա էդ բախտին:

Բացի այս ամենից՝ պետք է ասեմ, որ դիրքեր սնունդ բարձրացնելը, այն էլ՝ տոնական, երբեք ոչ մի հրամանատարի կողմից չի արգելվել, միայն թե այդ սնունդը լինի որոշակի ստանդարտների մեջ՝ թունավորում, փորլուծություն և այլն չառաջացնի:

Ես, լինելով բանակին շատ մոտ կանգնած մարդ, գրեթե վստահ եմ, որ այդպիսի հրահանգ չի եղել:

Երկրորդ տարբերակը, որին ես ավելի եմ հակված հավատալու, ալկոհոլի առկայության հայտնաբերումն է:
Եթե իսկապես հայտնաբերվել է օղի կամ հյութին խառնած օղի, ապա փառք տանք Աստծուն, որ այդպես ենք պրծել: Հրամանատարը կատարել է իր պարտականությունները՝ ստուգելով սննդամթերքը, որն ուղարկվել է տանից, և այնտեղ հավանաբար հայտնաբերել օղի կամ հյութի հետ խառնած օղի: Մարտական հերթապահության մեկնող, մարտական զենքի հետ քնող-վեր կացող զինվորը, ում ուղեղը կարող է մթագնել մեկ բաժակ օղուց, քանի որ երկար ժամանակ չի օգտագործել, ի՞նչ եք կարծում, ինչե՞ր կարող է հիշել, որ, ասենք, զորամասում է տեղի ունեցել իր հետ, կամ օրինակի համար՝ իր զինակից ընկերների մեկի հայացքն ու խոսքը այդ պահին դուր չի գալիս... Ազիզ օրով զոհ կամ ինքնասպանությո՞ւն...

Ինքս գրել եմ այն տղային, ով հրապարակել էր նկարներն ու այնուհետև հեռացրել նյութը, չի պատասխանել: Բայց ի՞նչ պատասխանի...

Մի ժամանակ կար, երբ զինվորական կոմիսարիատներից զինակոչիկներին ավտոբուսով կենտրոնական հավաքակայան էին տանում, զինակոչիկները ավտոբուս էին բարձրացնում հյութ, որի մեջ լցված էր օղի, ու միշտ այդ ավտոբուսներում ծեծ ու ջարդ էր լինում, այն աստիճանի, որ ավտոբուսը կանգնեցնում էին...

Առավոտ շուտ այս գրառումս շատ երկար ստացվեց, բայց կարևոր էր: Խնդրում եմ, մի կողմ դրեք հուզականությունն ու սթափ մտածեք, որ եթե օղին հասներ դիրք, ի՞նչ փորձանքի մեջ կարող էինք հայտնվել:

Որպես վերջաբան ուզում եմ ասել, որ իմ ճանաչած բոլոր հրամանատարները, երբ դիրք են գնում, իրենք անձամբ են տարաներով ջուր, հյութ, արկղերով քաղցր և միրգ տանում... Դեմ չեմ, որ կան անբարեխիղճ հրամանատարներ, այդպես է ցանկացած ոլորտում, բայց որ Հայոց բանակի սպաները իրենց գործին գիտակ են, զինվորին վերաբերվում են ամենայն պատասխանատվությամբ, դա անհերքելի փաստ է...

Մի պահ մտածեք, որ 50 հոգի 18-20 տարեկան տղաների պատասխանատուն դուք եք... Պատկերացրի՞ք, դե հանգիստ թողեք սպային և զինվոր-սպա հարաբերությունները...

Փառք Հայոց բանակին, փառք Հայոց բանակի զինվորին և սպային...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել