Armlur.am-ը գրում է.

2020 թվականի հունվարի մեկից Հայաստանում բոլոր տեսակի կենսաթոշակները կբարձրանան միջինը 10 տոկոսով: Այդ մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ կառավարության ծրագրի համաձայն՝ պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը:

«Եվ մենք արդեն հայտարարել ենք, որ 2020 թվականից միջինում 10 տոկոսով բարձրացնելու ենք կենսաթոշակները: Ուստի, այսօրվա նախագծով առաջարկում ենք հետևյալ փոփոխությունները: Հիմնական կենսաթոշակի չափը, այդ թվում՝ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար 16 հազար դրամի փոխարեն սահմանել 18 հազար դրամ, առաջին 10 տարվա աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը 800 դրամի փոխարեն սահմանել 950 դրամ:

Զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը 1500 դրամի փոխարեն սահմանել 1600 դրամ, պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը առաջին խմբի դեպքում 36 հազար դրամի փոխարեն սահմանել 40 հազար դրամ, երկրորդ խմբի դեպքում՝ 26 հազար դրամի փոխարեն՝ 30 հազար դրամ, և երրորդ խմբի դեպքում 25 500 դրամի փոխարեն սահմանել 27 հազար դրամ: Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին որոշման մեջ կատարվող փոփոխություններով առաջարկվում է ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը 25 500 դրամի փոխարեն սահմանել 26 500 դրամ, իսկ երկկողմանի ծնողազուրկ երեխաների դեպքում՝ 80 հազար դրամի փոխարեն սահմանել 90 հազար դրամ»,- ասաց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել