Ներկայիս կառավարությունը չի թողնում, որ գեթ մեկ օր առանց թեմայի մնանք։ Դեռ չէին հանդարտվել ամանորա֊նիսսանային թեմաները, երբ հասունացավ մեկ այլ լուրջ խնդիր՝ ՀՖՖ նորընտիր նախագահի և Հենրիխ Մխիթարյանին հավաքական չկանչելու վերաբերյալ խոսակցությունների տեսքով։

Կարծում եմ՝ այլևս անիմաստ է որևէ հույս կապել անսկզբունքային և երկակի ստանդարտներով իշխանության հետ։ 1 ամիս առաջ տրանսգենդեր մարզիկին վարչապետն իր անձնական պաշտպանության տակ էր առնում, քանզի այդ մարզիկն իսկական հերոս է իրենց համար, ՀՀ-ի պատիվն է բարձր պահել միջազգային հարթակներում, և նրա վրա կարելի է պետական բյուջեից 20 մլն ծախսել ու ֆիլմ նկարել։ Իսկ այն մարզիկն, ում շնորհիվ ֆուտբոլասերները սկսեցին հետաքրքրվել Հայաստանով, ով բազմաթիվ անգամներ բարձր է պահել մեր պատիվը, ում ճանաչում և շատ սիրում են միլիոնավոր մարդիկ, ով հանդիսանում է Unicef դեսպան և տարբերվում է իր մարդկային բարձր արժեքներով, ոչ միայն հերոս չէ, այլև կարելի է մտածել նրան հավաքական չհրավիրելու մասին։

Հերոսների և բարձր արժեքների վերաբերյալ մեր և ձեր պատկերացումներն ամբողջությամբ տարբերվում են, հարգելի՛ իշխանություն։

Խորհուրդ կտամ վերանայել իրական հերոսների վերաբերյալ ձեր պատկերացումներն ու #ով_տրանս_չի_մեր_հետ_չի սկզբունքով այլևս չաշխատել։ Ամենայն հավանականությամբ, ձեր ստանդարտներին ու արժեքներին համապատասխան ֆուտբոլիստ եք փնտրում մեր հավաքականի աստղին փոխարինելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել