Factor.am-ը գրում է.

Factor TV-ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը

-Տիկի՛ն Աբրահամյան, մեկ տարի առաջ այս օրերին Ձեր թիմակիցները նշում էին, որ 2018-ի մայիսից իշխանության եկած հեղափոխական թիմի աշխատանքի արդյունքները տեսանելի չեն, քանի դեռ քաղաքական իշխանությունն ամբողջությամբ Ձեր ձեռքում չէ, և որ նոր խորհրդարանի ձևավորումից հետո միայն կկարողանա Ձեր թիմը լիարժեք գործել։ Այսօր ամփոփում ենք արդեն «Իմ քայլի» լիարժեք իշխանության մեկ տարին: Ի՞նչ նշանակալի ձեռքբերումներ եք արձանագրել այս մեկ տարվա ընթացքում։

-Շատ ձեռբերումների մասին կարող ենք խոսել։ Հատկապես այն հիմնական սպասումները հանրության կողմից, որոնք վերաբերում էին անցումային արդարադատությանը, որը տոներից հետո ԱԺ տիրույթում է լինելու, և արդեն իսկ սկսելու ենք հասկանալ ու քննարկել հանձնաժողովների ստեղծման կարգերը և այլն։ Սրանք նախաձեռնություններ են, որոնք Կառավարությունն արդեն ուղարկել է։ Հարկային օրենսգրքի փոփոխությունները կառանձնացնեի, որոնք կրկին, ԱԺ-ի և Կառավարության միասնական մտածելակերպի չլինելու պարագայում, հնարավոր չէր լինելու իրականացնել։ Այն հիմնական սպասելիքը, օրինակ, նվազագույն աշխատավարձի բարձրացման մասով ևս այս դեպքում իրականացավ։ Ընդհանրապես, Կառավարության ծրագրում շատ ավելի տարբեր մոտեցումներ, որոնք առկա էին նախկինում, այս պահին գոնե չկան, և այդ առումով այս տարին շատ խոստումնալից էր։ Ես կարող եմ մի քանի բաղադրիչով որակել և բնորոշել այս մեկ տարվա աշխատանքը։ Հիմնական բաղադրիչը քաղաքականն է, և այդ քաղաքականը այն հիմնական ինստիտուցիոնալ զարգացումն է ԱԺ-ի, որը, որպես անկախ մարմին և որպես վերահսկող մարմին, սկսել է ի վերջո գործել։ Մենք ունենք բազմաթիվ նախագծեր, որոնք Կառավարությունն ուղարկել է և այստեղ՝ խորհրդարանում մերժվել է։ Կամ հակառակ պրոցեսը՝ ուղարկվել է ԱԺ-ից և Կառավարությունը մերժել է, կրկին քննարկվել է և շատ ավելի լավ տարբերակով ընդունվել է ԱԺ-ում։ Այսինքն, այս փոխգործակցությունը և մեկը մյուսին որոշակիորեն հակակշռելու մեխանիզմը, ի վերջո, սկսել է գործել, ինչը մենք նախկինում չունեինք։

-Տիկի՛ն Աբրահամյան, Դուք նաև Եվրանեսթի պատվիրակության ղեկավարն եք…

-Դրան էի գալիս։ Արտաքին հարաբերություններում հսկայական առաջընթաց ունենք, որովհետև, այնուամենայնիվ, այն լեգիտիմությունը, որ այս ԱԺ-ն ունի, մեծ հաշվով,-գուցե ասելիքս հնչի մի քիչ բարձրագոչ,-բայց երբևէ չենք ունեցել։ Եվ այդ լեգիտիմության դիրքերից խոսելը Եվրապառլամենտի մեր գործընկերների հետ, կամ, ընդհանրապես, աշխարհի ամենատարբեր գործընկերների հետ, ասելիքի և պահանջարկի տեսանկյունից շատ ավելին է։ Այսինքն, դա երևում է այն ֆինանսական աջակցությունների տեսքով, որ, օրինակ, Եվրամիությունը տվեց՝ 40 միլիոն դոլար ավելի գումար, քան նախատեսում էր, ԱՄՆ կողմից տրվող ֆինանսական աջակցությունը ևս հսկայական, եթե չեմ սխալվում՝ 40 տոկոսով ավելացավ։ Սրանք հսկայական առաջընթացներ են, որոնք հենց ձևավորվեցին նոր, չափազանց լեգիտիմ ԱԺ-ի շնորհիվ։

-Երեկ Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, որ ողջամիտ կասկածներ ունեք, որ վերջին շրջանում լրագրողների կամ լրատվամիջոցների դեմ հարձակումները մտածված ընդհանուր մարտավարության մասն են. սիրո և հանդուրժողականության դեմ պայքարել՝ ֆեյքային ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտ ձևավորելով։ Որտեղի՞ց է առաջանում այդ զգացումը, ի՞նչ ողջամիտ կասկածների մասին է խոսքը։

-Մենք, ըստ էության, կարող ենք հստակ սահմանել, որ մամուլն ավելի ազատ երբևէ չի եղել։ Սա ազատություն է ոչ միայն այն առումով, երբ որևէ կերպ կախյալ չեն, որևէ կերպ հրահանգներ չեն ստանում իշխող ուժից, այլ նաև որովհետև ազատ են ինտերնետային դաշտում, ինչը բնորոշվում է Ֆրիդըմ Հաուսի վերջին տվյալներով։ Մեր ազատությամբ մենք գրեթե նույն հարթության վրա ենք, ինչ Ֆրանսիան։ Սրա հետ մեկտեղ, որևէ հարձակում լրագրողների դեմ, ի վերջո, վնասում է առաջին հերթին պետությանը և ժողովրդավարական վարկանիշին է վնասում։ Ու՞մ է սա ձեռնտու: Կարող ենք, չէ՞, հասկանալ, թե ում կողմից կարող են սրանք հրահրվել, դրդվել։ Ես ինչո՞ւ եմ ասում՝ ընդհանուր մարտավարության մի մաս, որովհետև անցյալ տարի, հենց հեղափոխության հաջորդ իսկ ամիսներին ակնհայտ էր, որ այդ սիրո և հանդուրժողականության մթնոլորտը, որ իրապես ձևավորվել էր ամբողջ հեղափոխության ընթացքում, հանկարծ օնլայն տիրույթում ֆեյքային բանակների միջոցով փորձ արեցին բոլորովին հակառակ մթնոլորտ ցույց տալ։ Հաճախ դա շատ մտածված ձևով էր արվում, թվում էր, թե ֆեյքերը իշխանության օգտին են գործում, բայց մեծ հաշվով ավելի շատ վնասում էին իշխանությանը։ Եվ իշխանությունը, կառավարող ուժը գոնե այդքան տրամաբանություն ուներ, որ եթե անգամ համարենք, որ ֆեյքերի բանակներ է գործածում ֆեյսբուքյան տիրույթում, գոնե այդ կերպ չէր գործածի, շատ ավելի կիրթ ֆեյքային դիսկուրս կձևավորվեր, այդ հայհոյանքների մթնոլորտը չէր լինի։ Նույն կերպ սկսեցի կասկածել, որովհետև իսկապես աննախադեպ էին Ֆրիդըմ Հաուսի ներկայացրած տվյալները, որ Հայաստանը մի քանի սանդղակով բարձրացրել է իր ցուցանիշները, և սրան ինչ կերպ կարելի էր հակադրել, իհարկե՝ որոշակի հարձակումներ կազմակերպելով։ «Ժողովրդի» դեմ հարձակումը շատ հստակ, ակնհայտ էր, թե մոտավորապես ինչից կարող էր նման իրավիճակի հանգեցնել. «Հայելու» դեմ հարձակումը, «Կենտրոնի» դեմ երեկվա դեպքը, սրանք իսկապես անընդունելի, խիստ դատապարտելի գործողություններ են։ Բայց ասում եմ, որ որոշակի կասկածներ ունեմ։ Եվ այստեղ ոստիկանության գործողություններ են կարևոր։ Ընկալման մեջ պետք է բացառվի լրագրողի աշխատանքի դեմ ոտնձգությունը։

-Ձեր թիմի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս ընթացքում արձանագրված բոլոր դրական փոփոխությունները եղել են ի հեճուկս պետական համակարգի, որը դիմադրում է հեղափոխությանը, և ասաց, որ պետք է ջարդել այդ դիմադրությունը։ Դուք ունեք հարցի պատասխանը, թե ինչու է այդպես ստացվել։

-Դեռ դիմադրում է և կդիմադրի երկար, որովհետև պետական համակարգը որպես այդպիսին կառուցված էր կոռուպցիոն սխեմաների վրա։ Հիմնական հիմնասյունը պետական համակարգի կոռուպցիան էր։ Կոռուպցիան դուրս ես բերումամբողջ համակարգից, բայց անձերին չես փոխում, որովհետև խնդիր էր դրված կադրային ջարդ չիրականացնել, որը կարող էր հանգեցնել սոցիալական բավականին լուրջ խնդիրների։ Հարգելով բոլորի իրավունքները, հարգելով նաև իրենց աշխատանքի հնարավորությունները, փորձեցին չգնալ այն ճանապարհով, որով գնաց Վրաստանը, երբ մի գիշում հատկապես իրավական մարմիններում հեռացրեց ամբողջ համակարգին, անգամ տարանջատում չդրեցին լավ աշխատողին վատից։ Այս ճանապարհով մենք չգնացինք, որովհետև մեզ համար գերխնդիր էր պահպանել իրավական բոլոր ընթացակարգերը։ Բայց մյուս կողմից ընկած է մարդկանց արժեքային խնդիրը՝ նրանք սովոր են կաշառքով գործ անել, հիմնական մոտիվացիան եղել է հավելյալ շահույթի ակնկալիքը կաշառքի տեսքով։ Այսօր հիմնական խնդիրը որոշակիորեն կերակրատաշտից հեռու լինելն է։ Իսկ մենք գիտենք, թե ժամանակին ինչպես է ձևավորվել պետական համակարգը, ծանոթների, բարեկամների որոշակի շրջանակ է ձևավորվել։ Ես կարծում եմ, որ լուծումը դեռևս հնարավոր է ոչ արմատական ճանապարհով, բայց գուցե վերջնական լուծումը լինի արմատական։

-«Գելափի» հայաստանյան մասնաճյուղի հարցումներով՝ մեկ տարվա ընթացքում «Իմ քայլի» վարկանիշը պակասել է 9 տոկոսով։ Ըստ Ձեզ՝ մեկ տարվա ընթացքում այդքան անկումը մեծ թիվ չէ՞։

-Մեկ տարվա համար և սպասելիքների ֆոնի պայմաններում շատ քիչ է, որովհետև ես կարծում էի, որ մեկ տարի հետո մենք կունենանք 40-30 տոկոս աջակցություն, որը բնական կլիներ։ Որովհետև այն սպասելիքները, հսկայական, հաճախ նաև չտրամաբանված, հաճախ նաև քիչ էմոցիոնալ սպասելիքները, որոնք առկա էին հեղափոխությունից հետո, բնականաբար դրանք ամբողջությամբ բավարարել անհնար էր, որքան էլ մենք փորձեինք իրապես միայն հանրությանը նպաստող և աջակցող քայլեր իրականացնել, միևնույն է, ընկնելու էր վարկանիշը։ Կարծեմ մոտավորապես 60 տոկոս է առկա, ինչը կարծում եմ բավականին շատ է։ Մենք դեռևս այդ վստահության քվեն ունենք և հույս ունեմ, որ շարունակական է լինելու։ Եվ այն դիսկուրսը, որ փորձում է Հանրապետականը տարածել արտահերթ ընտրությունների մասով, ուղղակի անհեթեթ է։  Հատկապես եթե նրանք տեսել են այս հարցումները։ Գուցե ըստ իրենց սոցհարցումների իրենց պատկերացումը միշտ խեղված է եղել և մտածում են, որ այս հարցումները պատվիրված են պետության կողմից, պետք է հասկանան, որ սրանք ճշմարտություններ են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել