168.am-ը գրում է.

«Ի պատասխան այսօր Արարատի մարզի Հովտաշատ համայնքում տեղի ունեցած միջադեպի մասնակից ոմն Խաչիկի հնչեցրած հիմնազուրկ հայտարարությունների՝  տեղեկացնեմ, որ ես եմ 2016թ. մայիսից  հանդիսանում այս ձկնաբուծարանի՝ 100 % բաժնեմասի սեփականատերը, և ըստ այդմ հանդիսանում եմ  «ՌԱՊՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում միակ մասնակիցը»,- արձագանքելով այսօր Հովտաշատի ձկնաբուծարանում  աղմկահարույց միջադեպին և իր մասնավոր տարածք ներխուժած անձանց կողմից հնչեցված մեղադրանքներին՝  168․am-ի հետ զրույցում պարզաբանեց «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը։

«Միջադեպի ուղիղ եթերի ընթացքում հնչեցված գնահատականները բացառապես հուզականության կամ այդ մարդկանց  վառ երևակայության արդյունք են, ուրիշ կերպ չեմ կարող որակել ու մեկնաբանել»,- հավելեց Պարոն Առուստամյանը:

Ավելի վաղ 168․am-ը տեղեկացրել էր, որ այսօր առավոտյան  մի խումբ  տղամարդիկ  իրենց մեքենաներով աղմուկ-աղաղակով անսպասելի ներխուժել են Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող ձկնաբուծարանի տարածք, որը գտնվում  է Արարատի մարզի Հովտաշատ համայնքում,  և մեծ միջադեպ են հրահրել:

Հովտաշատցիները տարածք ներխուժելիս հայտարարել են, թե դրանք գյուղի հողերն են՝ «մեր տարածքում աճեցրած ձկները մերն են, ու եկել ենք տանենք»։ Հետո, երբ դիմադրության են հանդիպել, հրմշտոց է սկսվել, հայհոյախառն արտահայտություններով փորձել են սադրել ձկնաբուծարանի աշխատակիցներին։

Միջադեպի ընթացքում ակցիայի մասնակիցները փորձել են  նաև լճերից անթույլատրելիորեն ձկներ հանել՝ իբր տուն տանելու նպատակով՝ ասելով, որ դա իրենց գյուղի տարածքն է, և ինչ ուզեն՝ այն էլ կարող են անել։

Հիշեցնենք նաև, որ միջադեպի ընթացքում հրմշտեցի հետևանքով տուժել էր Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը, հովտաշատցիները վրդովված՝  հայհոյելով հարվածել և վիրավորել են լրագրողին և օպերատորին, բռունցքներով  վնասել հեռուստաընկերության տեսախցիկը։

Ի դեպ, Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի տվյալներով՝ Սեդրակ Առուստամյանն իսկապես հանդիսանում է «ՌԱՊՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում պետական գրանցման N 77.110.00952, ՀՎՀՀ 03809369, գտնվելու վայրը՝ ՀՀ Արարատի մարզ, գյուղ Հովտաշատ) միակ մասնակիցը և ընկերության կանոնադրական կապիտալում 100 % բաժնեմասի սեփականատերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել