Այսօր առավոտյան ԵՊՀ իր աշխատասենյակից բերման է ենթարկվել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։

Նրան ձեռնաշղթաներով, անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող կերպով դուրս են բերել համալսարանից։

Հարկ է նշել, որ Դավիթ Ափոյանին ոստիկանություն ներկայանալու ծանուցագիր չի ներկայացվել, հետևաբար, ոստիկանության գործողությունները գնահատում եմ ապօրինի։

Այստեղ հատկանշական է, որ Ափոյանը մեծ հեղինակություն է վայելում ԵՊՀ ուսանողների շրջանում և իր գործունեության ընթացքում առաջնորդվում է բացառապես ԵՊՀ շահով՝ հաճախ ընդդիմանալով օրվա իշխանությունների կողմից ԵՊՀ նկատմամբ տարվող քաղաքականությանը։

Որպես համալսարանական և Հայաստանի քաղաքացի՝ դատապարտում եմ ոստիկանության նմանօրինակ գործելաոճը և իմ վրդովմունքն եմ հայտնում կատարվածի առնչությամբ։

Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Դավիթ Ափոյանին և ներկայացնել պարզաբանում ոստիկանության կամայական գործողությունների առնչությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել