Hraparak.am-ը գրում է.

Հայաստանում ռուսական 102-րդ բազայում ձեռնարկվել են քայլեր ռազմական պատրաստականության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ Այստեղ հասել են լուրջ արդյունքների և կան ռազմաբազային ռազմական ներուժը կրկնակի ավելացնելու ծրագրեր։ Ըստ որում՝ առանց անձնակազմի թվաքանակն ավելացնելու։ Այս մասին այսօր հայտարարեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր  դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ իր ամենամյա տարեվերջյան, արդեն ավանդական դարձած ասուլիսին։

«Անցնող տարում անվտանգային ոլորտում մեր  դաշնակցային համագործակցությունը իրեն լիարժեք դրսևորեց որպես Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության անվտանգության, խաղաղության ու կայունության գործոն»,-հավելեց դեսպան Կոպիրկինը։ Կան նաև ռազմաբազային ենթկառուցվածքները կատարելագործելու ծրագրեր։ Այդ թվում նաև՝ սոցիալական, ինչին կներգրավվեն ՀՀ քաղաքացիներ և ինչը նոր աշխատատեղերի հնարավորություն կտա։

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին ՌԴ արտաքին գերատեսչական մարմնի ղեկավար Սերգեյ Լավրովի Հայաստան այցից ու այստեղ արված մի շարք հայտարարություններից հետո, մասնավորապես, որ Երևանը վարում է արտաքին քաղաքական պատասխանատվություն, տեղացի փորձագետները նշում են, որ հայ-ռուսական հարաբերությունների առումով տարեմուտն ավելի հաջող էր, քան սկիզբը։ Եվ պարոն Կոպիրկինի տարեվերջյան՝ արդեն ավանդական դարձած  ասուլիսին կարմիր թելի նման անցնում էր այս լավատեսությունը։ «Այս ասուլիսին եկա շատ դրական տրամադրվածությամբ, քանի որ տարին ավարտվում է մեր հարաբերությունների մասով, լավ դրական նոտայի վրա։ Ավելին՝ այս տարին նշանավորվեց եթե ոչ աննախադեպ, ապա մեր հարաբերությունների շատ ինտենսիվ զարգացմամբ և առաջին հերթին՝ քաղաքական երկխոսության գծով»,-ասաց դեսպան Կոպիրկինը։

Նա թվարկեց, թե ովքեր են անցնող 2019-ին այցելել Հայաստան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, վարչապետ Դմիտրի Մեդվեդև, ՌԴ արտաքին, ներքին գործերի նախարարները, ՌԴ ԱԽ քարտուղարը, Պետդումայի նախագահը, պատգամավորներ, ինչը դեսպան Կոպիրկինի մեկնաբանությամբ, խոսում է այն մասին, որ կողմերը երկխոսելու բան ունեն ամենատարբեր ոլորտներում և որ կողմերին միավորում են համատեղ հետաքրքրությունները։

Դեսպան Կոպիրկինը նշեց, որ շատ օգտակար էին հայկական կողմի բարձրաձայնած մտահոգությունները ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և այլ ինտեգրացիոն հարթակներում խնդիրների վերաբերյալ և դրանք հաշվի կառնվեն, քանի որ դրանց քննարկումը միմիայն բարձրացնում է աշխատանքների արդյունավետությունը։ Կոպիրկինը շատ կարևորեց հայ-ռուսական համատեղ ջանքերը ԵԱՀԿ-ում, ՀԱՊԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ՄԱԿ-ում, Սիրիայում՝ հումանիտար առաքելության շրջանակներում։ «Հայաստանի Հանրապետությունը մնում է մեր առանցքային գործընկերը, որին կարող ենք վստահել ամենակարևոր պահերին»,-հավելեց Կոպիրկինը։

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն ասաց, որ այս տարի Նոր տարին Հայաստանում չի նշի, կանցկացնի հայրենիքում։ Եթե մնար, միգուցե գնար Հանրապետության հրապարակ՝ Բրեգովիչի համերգին, ինչի մասին ասաց  «Հրապարակի»  հարցին ի պատասխան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել