Քաղաքականությանը վերաբերող յուրաքանչյուր վերլուծություն մշտապես քննադատում է մեր իշխանությանը, ուստի այսօր որոշեցի փոխել մոտեցումը և ամեն ինչին նայել դրական տեսանկյունից: Առավել ևս, որ ամառ է, ինչն էլ ստիպում է մարդկանց մտածել հանգստի, ծովի և անհոգության մասին:
Փորձենք հասկանալ, թե Հայաստանում ապրող սակավաթիվ միջին խավի ներկայացուցիչն ինչպես կարող է կազմակերպել իր հանգիստը, որը պարտադիր է Հայաստանում առկա քաղաքական, սոցիալական և տնտեսական լարվածության պարագայում: Մարդը, ով վաստակում է ամսական 150 000 ՀՀ դրամ` ամսական 45 000 ՀՀ դրամ նվազագույն աշխատավարձի հետ համեմատած կարող է համարվել միջին խավի ներկայացուցիչ: Եթե վերոնշյալ անձը հայրենասեր է և ցանկանում է իր հանգիստն անցկացնել Հայաստանում, քանզի նա մտածում է մեր տնտեսության զարգացման մասին, ապա նրա 7 օրվա համար ծախսերի ցուցակը կունենա մոտավորապես հետևյալ տեսքը.
Կացարան` նվազագույնը օրեկան 25 000-ից մինչև 40 000 (աա այն դեպքում, եթե այդ մարդն ուզում է մի քիչ բարեկարգ պայմաններում անցկացնել իր հանգիստը): 7 օրվա համար նվազագույն 25 000 դրամով հաշված կացարանի ծախսը կկազմի 175 000 ՀՀ դրամ:
Համարենք, որ տվյալ մարդուն հրաշքով հաջողվել է գտնել այնպիսի հյուրանոց, որի 25 000 ՀՀ դրամ օրեկան վարձի մեջ մտնում է նաև նախաճաշը: Խնայողաբար հանգստանալու համար այս մարդը ստիպված հրաժարվում է ճաշից, իսկ ընթրիքի և թեթև քաղցրավենիքի համար էլ ծախսում է նվազագույնը 5000 ՀՀ դրամ, քանզի միայն մի սալիկ քիչ թե շատ ուտելու պիտանի շոկոլադն արժե 500 ՀՀ դրամից ոչ պակաս: Ուտելիքի ծախսերը կազմեցին 35 000 ՀՀ դրամ:
Պատկերացնենք, որ մեր հոդվածի հերոսը ստիպված դառնում է բավականին պասիվ, և որևէ տեսարժան վայր տեսնելու ցանկություն չի ունենում, քանզի յուրաքանչյուր այցելություն տեսարժան վայր նրա համար կարժենա նվազագույնը 7 000 ՀՀ դրամ: Ամեն դեպքում նա գոնե մեկ վայր այցելում է և ծախսում 7 000 ՀՀ դրամ:
Այս ոչ թե միջին, այլ աղքատիկ հանգստի համար միջին աշխատավարձ ստացող մարդը ծախսում է 217 000 ՀՀ դրամ, իր աշխատավարձից ուղիղ 67 000 ՀՀ դրամ ավել:
Համարենք, որ այս մարդը որոշել էր մեկ տարի շարունակ գումար հավաքել այս աղքատիկ հանգստի համար, ինչը նշանակում է, որ նա պետք է ամսական 18 000 ՀՀ դրամ խնայողություն աներ: 150 000 ՀՀ դրամից հանում ենք 18 000-ը, այնուհետև սննդի օրական նվազագույն 3000 ՀՀ դրամը, ինչը կազմում է 90 000 ՀՀ դրամ, տրանսպորտային ծախսերը (աբսուրդ. միջին աշխատավարձ ստացող մարդը բացառապես հասարակական տրանսպորտից է օգտվում) 9000 ՀՀ դրամ, կոմունալ վճարները` նվազագույնը 25 000 ՀՀ դրամ, տնտեսական ապրանքների վրա ծախսվող գումարները` 10 000 ՀՀ դրամ, և արդյունքում մնաց ընդամենը 16 000 ՀՀ դրամ: Նույնիսկ, եթե այս իբր միջին աշխատավարձ ստացող մարդը ժլատության մարմնացում լինի և որոշի իր այս 16 000-ները խնայել, ապա տարեկան նրա խնայողությունները կկազմեն 192 000 ՀՀ դրամ, այսինքն նա տարեկան կարող է գնել ընդամենը 1 զույգ կոշիկ` միջին որակի կոշիկի գինը 20 000 ՀՀ դրամ է, 1 վերնաշապիկ` 15 000, 1 տաբատ` 15 000, ձմեռային հագուստ` վերարկու - 50 000 ՀՀ դրամ, ձմեռային 1 զույգ կոշիկ- 30 000 ՀՀ դրամ, ձմեռային վերնաշապիկ` 20 000, ձմեռային տաբատ` 20 000 ՀՀ դրամ: Բոլոր գները հաշվարկված են միջին որակի ապրանքների համար, քանի որ այս մարդը փաստացի միջին աշխատավարձ ստացող մարդ է: Արսյունքում մնաց 22 000 ՀՀ դրամ, այսինքն այս մարդը կարող է տարվա մեջ 2 անգամ էլ գնալ կինո` 3000 ՀՀ դրամ, 2 անգամ հաճախել միջին սրճարան`6000 դրամ, 1 անգամ ռեստորան` 10 000 դրամ, և 2 անգամ էլ թատրոն` 3000 ՀՀ դրամ:
Փաստացի ապացուցվեց, որ Հայաստանում միջին աշխատավարձ ստացող մարդը որևէ կապ չունի միջին ապրելակերպ ունեցող մարդու հետ, քանզի միջին աշխատավարձ ստացող մարդը, եթե գումար ստանալու այլ աղբյուրներ չունենա, ապա ստիպված կլինի ոչ թե ապրել, այլ մի կերպ իր գոյությունը քարշ տալ: Մինչ հարյուր հազարավոր մարդիկ այս կերպ քարշ են տալիս իրենց գոյությունը, մի խումբ մոնոպոլիստ քաղաքական գործիչներ իրենց չվաստակած հանգիստն են անցկացնում Սեյշելյան, Հավայան կղզիներում, այցելում են Մոնակո, Հռոմ և այլն...
Հարգելի իշխանություն, այսքանից հետո հասարակությունը ձեզ ո՞նց չքննադատի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aninaworld/posts/493733020696873
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել