Yerevan.today-ը գրում է.
Մենք ապրում ենք կեղծիքի վրա հիմնված պետական կառավարման Հայաստանում։ Այնպես չէ, որ նախկինում իշխանությունները երբեք չեն խաբել կամ միշտ ազնիվ են գտնվել։ Սակայն այլ բան է, երբ ոչ միշտ են ազնիվ լինում, այլ բան՝ երբ մշտապես անազնիվ են լինում։ Վերջինս Նիկոլ Փաշինյանի կառավարման ուղենիշն է։ Նրա հերթական բլեֆը ճանապարհաշինության ոլորտից է։
«2019-ի նոյեմբեր ամսվա դրությամբ կառուցվել և հիմնանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ, այսինքն այս տարի կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ: Այս տարի հիմնանորոգվել է ավելի քան 330 կիլոմետր պետական նշանակության ճանապարհ՝ այնքան, որքան 2013-17 թվականներին միասին վերցված: Փաստացի մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում կատարվում էր 5 տարում», օրերս իր ֆեյսբուքյան էջում գրել է Նիկոլ Փաշինյանը, ավելացնելով, որ երկուսուկես անգամ իջել է ճանապարհների հիմնանորոգման արժեքը:
Ասել, որ այժմ ճանապարհներ չեն հիմնանորգվում՝ ճիշտ չի իհարկե։ Հարցն այլ է՝ նախկինում նորոգվող և նոր կառուցվող ճանապարհները ընդհանրապես կամ գրեթե չէին գովազդվում՝ լավագույն դեպքում այդ մասին տարեվերջյան մամուլի ասուլիսին ամփոփ տվյալներ էր հաղորդում տրանսպորտի նախարարը։ Հիմա դա գովադվում է գրեթե ամենօրյա ռեժիմով՝ երկրի ղեկին գտնվող անձի կողմից։ Հիմա ըստ էության հիշատակված գրառման մասին։
Նախ՝ անհասկանալի է, թե ո՞ր աղբյուրների հիման վրա է ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը թվային տվյալներ բերում և ո՞ր ժամանակաշրջանի համար։ Դա լայն հնարավորություն է ստեղծում բազմահարկ ստեր կառուցելու համար։ Այս գրառման մեջ նախ նշվում է «նոյեմբեր ամսվա դրությամբ»՝ առանց ասելու՝ ներառյա՞լ նոյեմբեր ամիսը, թե՞ մինչև նոյեմբերը, ապա՝ ասվում է «այս տարի», բայց դեռ տարին չի ավարտվել։ Հետո, այդպես էլ պարզ չդարձած 10 թե 11 ամիսների ցուցանիշները համեմատվում են նախորդ տարիների տարեկան ցուցանիշների հետ։ Սակայն ամենավատթարն այն է, որ անգամ նման համադրումների դեպքում բերվող ցուցանիշները հեռու են ճշմարտությունից։
Այսինքն, եթե ճանապարհաշինությունը նման ծավալներ ունենար, ապա դա պետք է որ լրջորեն ազդեր ընդհանրապես շինարարության ծավալների վրա։ Բանն այն է, որ ճանապարհաշինությունը կազմում է ընդհանուր շինարարության ծավալների շուրջ 20 տոկոսը։ Դա իր մեծությամբ երկրորդն է բնակելի շինությունների շինարարությունից հետո։ Հիմա՝ եթե ճանապարհների շինարարությունը ավելի է եղել քան հինգ տարիները միասին վերցրած, ապա այն այս տարի պետք է աճած լիներ հինգ անգամ։ Դա այդպես չէ։ Բացի այդ, եթե ճանապարհաշինությունն աճեր հինգ անգամ, ապա շինարարության ընդհանուր ծավալներն այս տարի առնվազն երկու անգամ պետք է աճած լինեին, անգամ եթե տնտեսության մնացած ճյուղերում շինարարության ծավալներն ընդհանրապես աճած չլինեին։ Մինչդեռ, այս տարվա 10 ամիսներին շինարարության ծավալն աճել է ․․․ ընդամենը 4,5 տոկոսով։
Ճանապարհաշինության պաշտոնական վիճակագրության թվային ցուցանիշները Նիկոլ Փաշինյանի հիշատակած 2013-2017 թվականների համար հետևյալն են․
2013 թ․ 51 մլրդ դրամ
2014 թ․ 58 մլրդ դրամ
2015 թ․ 49 մլրդ դրամ
2016 թ․ 49 մլրդ դրամ
2017 թ․ 52 մլրդ դրամ
Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին տրանսպորտի ոլորտում շինարարության ծավալները կազմել են 43 մլրդ դրամ։ Այսինքն, գումարային ծավալները նշված տարիներից յուրաքանչյուրից ավելի քիչ է, ինչ մնաց միասին վերցրած հինգ տարիներից։ Ենթադրենք, որ շինարարության ինքնարժեքը նվազել է երկուսուկես անգամ, որը հաստատող որևէ փաստ կամ աղբյուր դարձյալ չի բերվում։ Անգամ այս դեպքում, ճանապարհների շինարարության ծավալները լավագույն դեպքում կարող են երկու անգամ գերազանցել որևէ մեկ տարվա ծավալները, բայց ոչ երբեք 5 տարիներինը։ Չենք խոսում այն մասին, որ նոր ճանապարհների շինարարություն ընդհանրապես չկա։
Հաջորդը։ Երբ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը արտառոց էր համարում շինարարության աճի պարագայում ապրանքային բետոնի արտադրության ծավալների երկնիշ անկումը, էկոնոմիկայի նախարարը դա բացատրում էր ջերմոցների շինարարության աճով։Հիմա հարց է առաջանում, եթե ճանապարհաշինության ծավալները այդպես բուռն աճ են ապրում, ապա ինչո՞ւ է բետոնի արտադրությունը նվազում և ինչո՞ւ քննադատությանը արձագանքելով՝ էկոնոմիկայի նախարարն թաքնվում էր ջեմոցների շինարարության հետևում։ Պատասխանն ակնհայտ է՝ էկոնոմիկայի նախարարը ինչպե՞ս կարող էր ասել, բետոնի արտադրությունը նվազում է, բայց ճանապարհաշինությունը հինգ անգամ աճում։ Բովանդակային-մասնագիտական քննարկման ժամանակ ոչ ոք չի ցանկանա խայտառակվել՝ փորձելով ապացուցել անապացուցելին, որով Նիկոլ Փաշինյանը կերակրում է «հպարտ» քաղաքացիներին։
Եվ վերջապես, Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով այսօր դադարեցվել է մեզ համար կենսական նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը։ Մինդեռ սա մեր ճանապարհաշինության գլխավոր ուղղությունը պետք է լիներ։ Թերևս ավելորդ է ասել այս ճանապարհի կարևորությունը՝ հատկապես ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի համաձայնագիր կնքելու պարագայում։ Այն կդառնա մեր կարևոր հաղթաթուղը ԵԱՏՄ և Իրանի միջև տարանցիկ երկիր դառնալու համար։ Սակայն Նիկոլ Փաշինյանը կոռուպիցայի դեմ «պայքարի» մոլուցքով տարվելով, չգիտես ինչո՞ւ թույլ չի տալիս շարունակել այս ճանապարհի շինարարությունը։ Գուցե սա ևս նախկինների հանդեպ փոքր վրեժխնդրության հերթական դրսևորումն է՝ մերժել ամեն ինչ, ինչ կատարվել է մինչև իր իշխանությունը ․․․