Դեկտեմբերի 22-ի լուսադեմին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքի հրազենային վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գառնի գյուղում ապրող 37-ամյա մի տղամարդ։
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները Գառնիի բաժանմունքի գործընկերների հետ ձեռնարկած տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը ժամեր առաջ Գողթ գյուղի ռեստորանային համալիրներից մեկում խնջույքի է մասնակցել։
Այդ ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով մասնակիցների նկատմամբ` ապօրինի ատրճանակով անկանոն կրակոցներ է արձակել։ Այնուհետև «BMW» մակնիշի ավտոմեքենայով Գողթից ուղևորվել է Գառնի։ Ճանապարհին նույն ատրճանակով անզգուշությամբ կրակել է իր ոտքին։
Կոտայքի ոստիկանների տեղեկություններով՝ նախքան հիվանդանոց տեղափոխվելը ատրճանակը պահել են Գառնի գյուղի գազալցակայանի հարևանությամբ գտնվող շինությունում։ Ատրճանակը խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է։
Հայտնաբերվել ու ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաև «BMW» մակնիշի ավտոմեքենան։ Նշանակվել են փորձաքննություններ։ Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։