Եվ այսպես՝ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, վառվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը:
Քաղաքապետարանը ջանք, եռանդ ու գումար չէր խնայել այդ պահը բոլորի համար հեքիաթային, հրաշալի ու անմոռանալի դարձնելու համար։ Բոլորի համար, բայց ոչ ինձ կամ ինձ նման տասնյակհազարավոր այլ քաղաքացիների համար:

Մենք երևի դրանք արժանի չէինք, և կարելի է նույնիսկ հաշվել, թե որքան արժի տեղաշարժման դժվարություն ունեցող և մանկասայլակներով երեխաների մայրերի համար «արժանի լինելը»։ Փաստորեն, արժանի լինելու համար պետք էր մեկ, առավելագույնը երկու բարձրացնող սարք-վերելակի գումար:

Նկարում այն վերգետնյա անցումն է, որը պատրաստված է իբրև թե սելֆի անելու համար:

Վատ չի, դեմ չեմ, նույնիսկ կողմ եմ, բայց այստեղ ես ասում եմ՝ ԿԱՆԳ ԱՌԵ՛Ք, այստեղ ես ասում եմ՝ հարգելի՛ քաղաքապետարան, մենք նույնպես կանք, մենք, որ տարիներ շարունակ դուրս ենք մնացել մշակութային, ժամանցային և, առհասարակ, համայնքային կյանքի մասնակցելուց, այսօր կրկին դուրս մնացինք:

Դուք ասում եք, որ մտածել եք նաև այս վերգետնյա անցումի մատչելիության մասին, ես ասում եմ՝ ՎԱՏ ԵՔ ՄՏԱԾԵԼ, ՔԻՉ ԵՔ ՄՏԱԾԵԼ, երևի արժանի չեք համարել, որովհետև եթե արժանի համարեիք, ամենապարզ 2 բարձրացնող սարք-վերելակի դուք կտրամադրեիք ոչ ավել, քան 6-7 մլն դրամ՝ դրանով ապացուցելով, որ Դուք հարգում եք յուրաքանչյուր քաղաքացու:

Պատկերացրե՛ք, հարյուրհազարավոր դոլարներին կգումարվեր ընդամենը 10-15 հազար դոլար, որը, համոզված եմ, տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց և մանկահասակ երեխա ունեցող մայրերի կողմից պետությանը իրենց աշխատավարձերից մուծած հարկերի մի չնչին մասն է կազմում:

Հիմա այն մասին, թե ինչու է այս կամուրջը «իբր» սելֆի անելու համար:

Այն նախատեսված է նաև քաղաքացիների անվտանգ անցումը դեպի տոնածառ կազմակերպելու համար: Այստեղ ոչ միայն մենք խոսում ենք խտրականության, անմատչելիության մասին, այլ նաև այն մասին, որ քաղաքապետարանը ջանքեր չի ներդրել կամ պարզապես «մոռացել» է, որ կարող են գոնե այդ անվտանգությունն ապահովել խելամիտ հարմարեցումների միջոցով: Քաղաքապետարանը չի ապահովել անվտանգ և անարգել անցումը մայթից դեպի տոնածառի տարածք՝ օրինակ, փակելով տոնածառին հարող շրձադարձային գոտին մեքենաների համար: Այսինքն, եթե նույնիսկ ցանկանաս անցնել փողոցը, հնարավոր է՝ ընկնես մեքենայի տակ կամ տուգանվես, քանի որ անցնում ես անթույլատրելի մասով:

Խտրականությունն էլ հո պոզով ու պոչով չի՞ լինում, կարող ես տուգանվել այն գործողության համար, որի համար չէիր տուգանվի, եթե չունենայիր տեղաշարժվելու դժվարություն և օգտվեիր վերգետնյա անցումից:
Իսկ հիմա՝ տեխնիկական կողմի մասին. այո՛, հնարավոր է առանց աստիճանների, ունենալով մոտ 60 մետր տարածք, գեաձև թեքահարթակով հաղթահարել մոտ 5 մետր բարձրություն, իսկ տոնածառի կողմում տեղադրել պարզ մի բարձրացնող սարք-վերելակ:

Ինչպե՞ս… Որ հարցնեիք խնդիրը կրող մարդկանցից, հանրային քննարկում-հարցում անեիք, Ձեզ կպատասխանեին:
Ահա և ներառականությունը առանց ներառվողների։
Եվ վերջին շատ հռետորական հարց՝ եկել եմ՝ ձեր տոնը փչացնեմ, որ ի՞նչ անեմ...

Հարգելի իմ ավագանի ընկերներ, խնդրում եմ ներառականության թեմաները պահել ձեր ուշադրության կենտրոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել