Աշխարհը, մշակույթն ու արվեստը լի են առեղծվածներով։ Ռուս մեծ գրող Նիկոլայ Գոգոլը նշում էր, որ տաղանդը միակ բանն է, որ մարդը ստանում է Աստծուց, ուստի պետք չէ տաղանդը զոհել ինչ-որ այլ բանի համար։ Գոգոլի նշածի հետ միգուցե շատերս համամիտ չլինենք, քանի որ մեր օրերում չենք հանդիպում այնպիսի տաղանդների, խենթերի, ովքեր ապրում էին 19-20-րդ դարերում։ Մյուս կողմից՝ այս առեղծվածային աշխարհն ավելի է բարդանում, երբ կողք կողքի համեմատում ենք մի շարք մտածողների, արվեստագետների կենսագրությունն ու թողած գրական ժառանգությունը։ Երբեմն տեսնում ենք, որ իրարից տարբեր ժամանակաշրջանում ապրած երկու մտածողների մոտ կան կենսագրական նմանություններ։

Այդ համեմատականն է, որ առաջ է քաշել «անիծյալ պոետների» ավանդույթի մասին եզրույթը։ Նրանք պոետներ են, ովքեր լույս աշխարհ են գալիս ճիշտ ժամանակին, ովքեր կանգնում են հասարակության առաջ, խոսում նրանց կործանման մասին, մատնացույց անում հասարակությանը սպանող հիվանդությունները, հետո կա՛մ սպանվում են այդ նույն մարդկանց կողմից, կամ էլ պոետի «հարցերը լուծում են» հիվանդությունները։ Հայ գրականությունը նույնպես չի վրիպում այս ավանդույթից։ Թերթելով մեր գրականության պատմության էջերը՝ մենք հանդիպում ենք մի շարք պոետների, ովքեր, դեռ չհամտեսած կյանքի լուսաբացը, ստիպված են գրկել սառը հողաթումբը։

Պետրոս Դուրյանը հայ գրականության այն հանճարեղ պատանիներից մեկն էր, ով իր թողած փոքր գրական ժառանգությամբ մինչ օրս իր բացառիկ տեղն ու դերն ունի։ Դուրյանի մահն այդ ժամանակի Սկյուտարի ողբերգություններից մեկն էր։ Այդ ողբերգության մասին շատ է գրվել, երբեմն շրջանցվել են ինչ-ինչ բացառիկ փաստեր ու տեղեկություններ։ Այդ փաստերը երբեմն առավել տարօրինակ են դարձնում Դուրյանի մահվան հանգամանքը։ Հայ ականավոր գրող, քննադատ և լրագրող Արշակ Չոպանյանը, իր գեղարվեստական ստեղծագործություններից զատ, զբաղվում էր նաև հայ մեծերի կյանքի ու ստեղծագործության մասին իր գրականագիտական ուսումնասիրություններով։ Թերևս անգնահատելի է Չոպանյանի՝ Պետրոս Դուրյանին նվիրված աշխատությունը, որում Չոպանյանն անդրադառնում է Դուրյանի և Դուրյանի եղբոր երազներին, որոնք նրանք տեսել էին բանաստեղծի մահվանից երեք օր առաջ․

«1872թ. հունվարի 21-ին հինգշաբթիե ուրբաթ լուսանալու գիշերը Պետրոս Դուրյան կմեռնի, արտասովոր զմայլելի մահով մը, միշտ իբր մարմնացած խորհրդանշան մը, իբր գերազանց իսկությամբ արարած մը, իբր կենդանի քերթված մը։

Այդ աղետալի գիշերեն երեք օր առաջ երազ մը կտեսնե։ Երեք հոգևորականներ կերևան իրեն, որոնք զինքը հարսնիքի կհրավիրեն։ Ու մահվան անկողնին մեջ, հիվանդը տխուր ժպիտով մը կմեկնե այդ հարսանիքը, որ «վերը պիտի կատարվի»։ Տարօրինակ զուգադիպությամբ մը իր հուղարկավորությանը երեք քահանաներ ներկա կգտնվին։

Պզտիկ Միհրանն ալ իր եղբորը մահվան գիշերը երազ մը կունենա, ոչ նվազ խորհրդավոր․ կտեսնե Պետրոսը, որ, իր պարսկական շալը ուսերուն առած, դանդաղելով դեպի տուն կուգա։ Միհրան քար մը կնետե անոր ու կսե՝ «Ինչո՞ւ գինովի պես կքալես»։ Եվ ահա Պետրոսը կապույտ աչքերով կնոջ մը կփոխվի, որ վերմակներու առջև կերկրպագե»։ (Արշակ Չոպանյան, երկեր։ Երևան, 1988 թվական)

Այս ամենը կարդալուց հետո ևս մեկ անգամ համոզվում ես, որ պատահականություն չէ նաև այն տեսակետը, որ շատ ժամանակ գրողներին անվանում են նաև մարգարեներ, ովքեր, աշխարհի ու կյանքի ապագա զարգացումը կանխատեսելուց ու գրելուց զատ, կարողանում են հասկանալ նաև իրենց ապագա մահվան առեղծվածը։ Եվ եթե երազների տեսության մեթոդներով վերլուծենք Դուրյանի ու իր եղբոր երազները, ապա հստակ տեսնում ենք սիմվոլներ, որոնք հուշում էին Դուրյանի առաջիկա վախճանի մասին։ Մյուս կողմից՝ այս երազների «կարիքը չկար», քանի որ բոլորին էր հայտնի, որ բանաստեղծի սրտում բույն հյուսած հիվանդությունը նրան պիտի տանի մինչև վերջ՝ մինչև մահ։ Չոպանյանն իր գրքում հետաքրքիր հուշեր է ներկայացնում նաև Դուրյանի մահվան նախորդ գիշերվանից, որին դեռ կանդրադառնանք մեր առաջիկա համարում։ Եվ Դուրյանի տաղանդից զատ՝ Չոպանյանին ու հանճարեղ սկյուտարցուն կապում է նաև մեկ թվական՝ 1872-ը։ Այդ թվականին մահացավ Դուրյանը, և ծնվեց Չոպանյանը։

«Երբ մանուկ էի, խաղալիք չունենալով՝ մորս գուլպա հյուսած ատեն կծիկովը կխաղայի, երբ խելահաս եղա՝ բազմոցին տեղ տախտակամածին վրա փռած հին գորգի մը վրա կնստեի, երբ պատանի եղա՝ շատ անգամ արցունքս մորմես ծածկելով կուտեի ցամաք հացը»։

Իր մանկությունն այսպես հիշող Դուրյանին վիճակված էր տառապալից կյանքի հուշի հետ մեկտեղ թողնել նաև փոքրածավալ, բայց հանճարեղ գրական ժառանգություն։ Եվ իր մոռացության վախից դրդված՝ մահվանից առաջ նա ցանկացավ, որ իր թաղումն ուրախ անցնի, որ հանկարծ չմոռացվի իր գոյությունը։ Եվ ժամանակին ավանդույթ կար, որ Դուրյանի գերեզմանի մոտ սիրահարները հավիտենական երդում էին տալիս իրար։ Դուրյանից մասունքներ կան ամփոփված նաև Հայաստանում, և ով գիտի, միգուցե Կոմիտասի անվան պանթեոնի այդ անկյունում սիրահարները հիմա իրար հավիտենական սիրո երդում են տալիս․․․

Միգուցե․․․

Զ․ Շուշեցի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել