1955 թվականի այս օրը` դեկտեմբերի 21-ին, Հայոց պատմության ամենափոթորկուն կյանք ունեցող անհատներից մեկի` Գարեգին Նժդեհի մահվան օրն է:
Հայրենասիրության գիտական պատասխանը ես ստացել եմ Գարեգին Նժդեհից, և քանի կան հայն ու Հայաստանը, նժդեհյան մտքերը միշտ արդիական են լինելու...

Ստորև՝ հատված Նժդեհի «Զավակս» երկից.

«Աժան ձեռք չէ բերում առիւծի մորթին:
Այդ այսպէս լինելով հանդերձ՝ երբ մեծացար դու, զաւա՛կս, ձգտի՛ր տիրանալ նրան, բայց միամտութիւն չունենաս կարծելու, թէ Երկրագնդի վրայ կարելի է փառքի տէր դառնալ, առանց նախանձահեղձ սինլքորների չարութիւնը գրգռելու:
Զօրավա՞ր ես եօթ վէրք - չզարմանաս, եթէ մի օր դասալիքը դատաւորդ հանդիսանայ: Մեր աշխարհի լրբութիւններից մէկն էլ այդ է, չզարմանաս եւ չկրկնես զայրոյթով. «Թող զինուորն իր ստացած վէրքերը եւ հովիւը՝ իր ոչխարները համրէ»:
Չար անասուն է մարդս, երբ նախանձում է: Մեր աշխարհում միշտ էլ վատասիրտը հայհոյել է աներկիւղ ասպետին, երկչոտը՝ մութ անկիւնից քար նետել հերոսին:
Նախանձը-մասնաւորապէս հայկականը-ընտրում է ճամբաներից ամենակարճը, եւ թոյլատրելի համարում թշնամանքի բոլոր զէնքերը: Նա, որին դեռ երէկ էր, ինչ խլեցիր առիւծի բերնից, փրկեցիր ստոյգ
մահից՝ վաղը կարող է իժի նման գարշապարդ փնտռել:
Նա, որն այսօր ձիուդ ասպանդակները բռնելը իր համար պատիւ է
համարում՝ վաղը կարող է փողոցաշունչ ամբոխը գրգռել անձիդ դէմ:
Նա, որ երէկ խորապէս կը ցաւէր, թէ հայոց դաշտերում չի աճում այն ազնիւ դափնեվարդը, որ արժանի լինէր յաղթական ճակատդ զարդարել՝
վաղը կարող է ցեխ նետել քո կատարած պատմական գործին:
Մի՛, մի՛ զարմանար, եթէ իրենց կեանքը սրիդ պարտողները այսպէս վարուեն քեզ հետ, եւ մի՛ զայրանար, քանզի անձիդ դէմ ապերախտողը շուն չէ՛, այլ՝ մարդ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել