«Միսս Ամերիկա» մրցույթը շահել է կենսաքիմիա ուսումնասիրող ուսանողուհի Քամիլ Շրայերը: Այդ մասին հայտնել է Time հանդեսը: Քամիլը, որը Վիրջինիայի նահանգից է, բակալավրիատ է ավարտել կենսաքիմիայի եւ համակարգային կենսաբանության ծրագրի գծով: Բացի այդ, նա պլանավորում է գիտական աստիճան ստանալ դեղագործության բնագավառում:

Ուսումնառության ասպարեզում ձեռքբերումներն աղջկան օգնել են նաեւ հաղթել տաղանդների մրցույթում՝ ստուգատեսի առանձին մասում, որի շրջանակում նա ցուցադրել է ջրածնի գերօքսիդի կատալիտիկ քայքայումը: Քոննեքթիքութի նահանգում անցկացված մրցույթի մասնակիցները պայքարում էին 50 հազար դոլարի չափով դրամական մրցանակի եւ մեկ տարվա ընթացքում որպես միսս Ամերիկա աշխատելու հնարավորության համար՝ սոցիալական նախաձեռնություններ իրականացնելու նպատակով:

Անցյալ տարի մրցույթի կազմակերպիչները հայտարարել էին, որ դադարելու են կանանց գնահատել բացառապես նրանց արտաքինով եւ, մասնավորապես, չեղարկել են լողազգեստներով դեֆիլեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել