Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, 2019 թվականի նոյեմբերի 7-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելու մասին՝ անփոփոխ թողնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը։ Դատարանի այս որոշման դեմ փաստաբան Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել, ինչը մակագրվել էր դատավոր Մխիթար Պապոյանին։ Վերջինս դեկտեմբերի 9-ին ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը։ Եւ այն վերմակագրվեց դատավոր Լուսինե Աբգարյանին։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը Քոչարյանի նկատմամբ գրավի չափ չէր նշել՝ այն թողել էր  դատարանի հայեցողությանը։

«Դատարանը պետք է սահմանի գրավի չափ և, եթե կալանքի տակ գտնվող անձը չկարողանա վճարել սահմանված գումարը, ապա կշարունակի մնալ կալանքի տակ կամ կբողոքարկի որոշումը։ Մենք ողջամիտ չափ չենք ուզում առաջարկել դատարանին, որպեսզի մի հատ էլ լրացուցիչ ապացուցման բեռը չկրենք, թե ՝ այսքան գումարն ինչու է ողջամիտ կամ ողջամիտ չէ։ Եթե մենք ինչ-որ չափ ասենք, կստացվի, որ պետք է այդ չափն էլ հիմնավորենք և դրա շուրջ ևս պետք է դատավարություն ընթանա»,- հայտարարել էր Ալումյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել