Pastinfo.am-ը գրում է.

Աչաջուր գյուղում բնակվող 16-ամյա Գևորգը երեկ տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։ Աչաջուրի համայնքապետ Կարեն Ղալթախչյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տղայի այս քայլը տարօրինակ համարեց, քանի որ տղան առողջական որևէ խնդիր չի ունեցել և նախկինում էլ նման վարքագիծ չի դրսևորել։

Կարեն Ղալթախչյանի խոսքով տղան տանից դուրս գալուց առաջ ծնողներին ոչինչ չի ասել, հեռախոսն էլ տանն է թողել։ Հատուկ է այդպես վարվել, թե պարզապես մոռացել է տանը, համայնքապետը դժվարացավ ասել, սակայն նկատեց՝ տանից դուրս է եկել թեթև հագնված. «Հեռախոսը տանն է թողել, կուրտկան էլ չի հագել։ Իմ մտածելով մոտիկ տեղ է դուրս եկել, երևի մի քանի րոպեով, որ հետ գա, բայց դուրս է եկել ու չի վերադարձել։ Ծնողներն էլ ոչ մի բան չեն ասում, միայն նշում են՝ տղան դուրս է եկել ու չի վերադարձել»,-ասաց համայնքապետը։

Կարեն Ղալթախչյանի խոսքով Գևորգը նորմալ երեխա է, հաճախում է դպրոց և աչքի։ Գևորգի դասընկերները ևս իրենց ընկերոջն են փնտրում։ Տղայի անհետացման դրդապատճառի հետ կապված համայնքապետը հստակ որևէ բան չասաց, բայց հայտնեց իր ենթադրությունները. «Կարող է ծնողը բարկացած լինի, երեխան էլ նեղանա ու դուրս գա, չգիտեմ։ Հոր հետ խոսել եմ, ասաց, որ ոչ մի բան չի։ Կոնկրետ որևէ բան չի ասում»,-հավելեց Կարեն Ղալթախչյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 20-ին ժամը 02։11-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում երեկ ժամը 17։00-ի սահմաններում, գյուղի բնակիչ Գևորգ Մ.-ն տանից դուրս է եկել դեպի այգի և չի վերադարձել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել