Ուզբեկստանը դարձել է «տարվա երկիր»՝ շնորհիվ նախագահ Շավկաթ Միրզիեևի իրականացրած բարեփոխումների, որոնք հնարավորություն են տվել երկիրը «պակաս բռնատիրական» դարձնել: Վարկանիշը հրապարակել է The Economist ամսագիրը:

Հեղինակները նշում են, որ նախկին նախագահ Իսլամ Քարիմովի ռեժիմն օգտագործում էր հարկադիր աշխատանքը, իսկ ընդդիմությունը դաժանորեն հետապնդվում էր:

Ըստ The Economist-ի, Ուզբեկստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, բայց 2019-ին «ոչ մի այլ երկիր այդքան առաջընթաց չի ունեցել»: «Արտասահմանյան տեխնոկրատներին հրավիրում են օգնելու վերակառուցելու պետական տնտեսությունը»,- նշել է պարբերականը:

The Economist-ի վարկածով տարվա երկիր է ճանաչվում պետությունը, որն ամենամեծ առաջընթացն է գրանցել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի The Economist-ը «տարվա երկիր» էր հռչակել Հայաստանը՝ «ժողովրդավարության կայացման գործում տպավորիչ առաջընթացի» համար: Ամսագիրը նշել էր, որ «Պուտինի դրածոյի»՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը չի ուղեկցվել մարդկային զոհերով և Ռուսաստանին՝ երկրի ներքին գործերին միջամտելու հիմք չի տվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել