Pastinfo.am-ը գրում է.

Հայաստանի քաղաքական դաշտում հավանաբար որոշ ուժերի կամ առնվազն այդ ուժերից մեկին հանգիստ չի տալիս քաղաքական դաշտում ժամանակին «փառունակություն» ունեցած ՕԵԿ-ը։ Ժամանակին ՕԵԿ-ն էր ՀՀԿ-ից զգուշացում ստանում, հիմա երևի «Լուսավոր Հայաստանն» է կառավարության շենքից զգուշացում ստացել՝ նման ակտիվություն չդրսևորելու համար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով նրան, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է հետկանչել Երևանի ավագանիում իրենց միակ անդամ Դավիթ Խաժակյանին։

Քաղտեխնոլոգը նկատեց՝ ԼՀԿ-ի այս քայլը պատճառաբանվում է, որ Երևանի ավագանու կազմում «Լույս» խմբակցության իրենց անդամի բացահայտումներին խանգարեց խմբակցության մյուս անդամների՝ քաղաքապետին ուղղված քննադատությունները. «Եթե տվյալ պահին անգամ խափանվեց ենթադրյալ հանցագործության բացահայտումը, ապա նրան ոչինչ չէր խանգարում գնալ Հայաստանի ընդդիմադիր հեռուստաընկերություններից որևէ մեկի տաղավար և այնտեղ նույնը կրկնել ավելի մեծ լսարանի համար։ Բացի այդ՝ կարող էր համապատասխան փաստաթղթերը հասցնել իրավապահ մարմիններին և հետևել դրանց կատարողականին ու բացահայտմանը։ Այսինքն ձևեր շատ կան, պարզապես բերված պատճառաբանությունը ցույց է տալիս, որ չեն կարողացել տրամաբանական պատճառ գտնել անտրամաբանական գործունեության համար»,-նշեց քաղտեխնոլոգը՝ չբացառելով, որ Երևանի ավագանու տվյալ գործիչը, որը բավականին որակյալ իր աշխատանքն է կատարել, գուցե կուսակցության կողմից զգուշացում է ստացել նման ակտիվություն չդրսևորել։

Արմեն Բադալյանը նկատեց՝ էական չէ Դավիթ Խաժակյանը մանդատը վայր կդնի, թե ոչ, էականն այն է, որ ՀՀ քաղաքական դաշտում ՕԵԿ-ի գործն անմահ է. «ՕԵԿ-ները մահանում են, բայց օեկիզմը չի մահանում»,-ասաց Արմեն Բադալյանը։

Դիտարկմանը, որ հապճեպ հրավիրված ճեպազրույցի ժամանակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ինչ-որ չափով մեղավոր համարեց նաև լրագրողներին, քաղտեխնոլոգն արձագանքեց. «Խնդիրն այն է, թե տվյալ քաղաքական ուժն ինչպես պետք է մեկնաբաներ անտրամաբանականը։ Բնականաբար ինչ-որ մեղավորներ պետք է փորձեր գտնել և դա արեց հանձին լրագրողների։ Ընդունենք, որ իսկապես նրանց բացահայտումը տվյալ պահին այդքան չի լուսաբանվել, բայց խնդիրն այն է, որ լրագրողները դատախազության աշխատողներ չեն, որպեսզի ուշադրությամբ հետևեն բացահայտումներին։ Անկախ նրանից, թե լրագրողներն ինչպես դա կլսուաբանեն, կմեկնաբանեն, դատախազությունն իր անելիքն ունի։ Խնդիրը լուսաբանման մեջ չէ, խնդիրը նրա մեջ է, որ ամենայն հավանականությամբ «Լուսավոր Հայաստանի» ականջները քաշել են այդ ակտիվության համար»,-հավելեց քաղտեխնոլոգը։

Հարցին՝ արդյոք այս քայլով «Լուսավոր Հայաստան»-ը որպես ընդդիմություն չի թուլացնում իր դիրքերը, Արմեն Բադալյանը նկատեց՝ ԼՀԿ-ն իր դիրքերը թուլացրել է դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ. «Նա իր դիրքերը թուլացրեց այն ժամանակ, երբ Հայաստանի արևմտամետ քաղաքային բնակչությունը ձայն տվեց իրեն՝ հույս ունենալով, որ նա կամուրջ կդառնա Հայաստանի արևմտամետ ընտրազանգվածի և արևմտյան աշխարհի միջև, բայց փաստորեն նա այդ կապող կամուրջի դերն ընդհանրապես չի կատարում»,-նշեց քաղտեխնոլոգը՝ պատահական չհամարելով սոցիալական վերջին հարցումների արդյունքները, որոնցով Արմեն Բադալյանի խոսքով ոչ միայն «Իմ քայլ»-ի, այլև «Լուսավոր Հայաստան»-ի վարկանիշն է ընկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել