Factor.am-ը գրում է.

Ժնևում եղել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ քաղաքացիական հասարակության պատրաստած զեկույցի նախալսում: ՀԿ-ների ներկայացուցիչների ելույթներին հաջորդել է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանի ելույթը, որը կառավարության անունից խոսելով՝ ասել է, որ իրենց համար ընդունելի են միայն այն կազմակերպությունների ասածները, որոնք տեղական ֆինանսավորում են ստանում և կարծում են, որ իրենց դրսից որևէ մեկը բան չպետք է ասի: «Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 35-րդ շրջանում Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ» վերտառությամբ հանրային քննարկման ժամանակ պատմեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

«Նա իր ելույթում հասկացրել է, որ օտարերկրյա գործակալների հետ ՀՀ-ն գործ չունի, ուշադրություն դարձրեք՝ ոչ թե միջազգային գործընկերների, այլ օտարերկրյա գործակալների, և օգտագործել է մի երկու բառ՝ տնական և բնական ՀԿ-ներ: Այս մարդն աշխատել է Սերժ Սարգսյանի մոտ որպես ռեֆերենտ, և մեկուկես տարում մտածողությունը չի փոխել: Կառավարության տեսակետ է փորձել ներկայացնել մարդը»,- հավելեց նա:

Բարսեղյանն ասաց՝ հետաքրքիր կլիներ իմանալ ԱԳ նախարարությունից, թե որ կազմակերպություններին են իրենք համարում տնական և բնական:

«Գուցե այն կազմակերպություններին, որոնք իրենք Բաղրամյան 26-ում աճեցրել են: Թող ասեն ահա նրանք են: Այս խայտառակության վերջը պիտի տրվի, առանց սրա մեր գործունեությունը կարող է անարդյունավետ լինել: Անձամբ ես սպասում եմ արտգործնախարարի բացատրություններին և ներողությանը»,- նշեց Լևոն Բարսեղյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել