Pastinfo.am-ը գրում է.

Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների վարորդական իրավունք ստանալու հարցում, ըստ էության, քաղաքական բաղադրիչ կա։ Այս մասին այսօր Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի 1 տարվա գործունեությունը ամփոփող ասուլիսին ասաց հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նա նշեց, որ ՌԴ պետական դումայում տեղի ունեցած նիստից հետո, հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ պարոն Զատուլինը ասել էր, որ մինչև տարեվերջ այդ հարցը լուծվելու է։
«Մենք հետևում էինք գործընթացներին և ինչ-որ մի պահի՝ նոյեմբերի կեսերին, ես նաև տեղեկատվություն ստացա ԵԱՏՄ կոլեգիայից, որ նախապատրաստական աշխատանքները շատ օպերատիվ են ընթանում, որպեսզի այդ հարցը լուծվի ԵԱՏՄ համապատասխան համաձայնագրով, որովհետև Ռուսաստանի օրենքի այդ կետը հակասում է Ռուսաստանի պարտավորություններին՝ ԵԱՏՄ-ի նկատմամբ»,-ասաց Մելքումյանը։

Պատգամավորն առաջարկեց սպասել ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից այդ համաձայնագրի վավերացմանը. «Խոսակցությունների մակարդակով, երբ քննարկում ենք մեր գործընկերների հետ՝ որևէ խնդիր չկա, բայց, ըստ երևույթին, այս հարցում նաև քաղաքական բաղադրիչ կա»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին դաշնային օրենքում» կատարած փոփոխությունները, որոնց համաձայն՝ արգելվում է աշխատանքի վերցնել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացիների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել