Ստամբուլի Թաքսիմ հրապարակի Գեզի այգին հուլիսի 8-ին կրկին բացվել է այստեղ ժամանակ անցկացնել ցանկացողների համար, հաղորդում է Hurriyet Daily News-ը: Ինչպես հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Հյուսեյն Ավնի Մութլուն բացման արարողությանը` այսօրվանից զբոսայգին բնակչության համար բաց կլինի 24 ժամ:
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ թույլ չեն տա` Գեզին կրկին վերածվի ցույցերի հարթակի:
«Ոչ ոք իրավունք չունի արգելափակել զբոսայգին: Թույլ չենք տա, որ այստեղ հակաօրինական ակցիաներ անցկացվեն: Զբոսայգին պատկանում է ոչ թե ինչ-որ խմբերի, այլ բոլոր ստամբուլցիներին», – ասել է Մութլուն:
Նահանգապետը հավելել է, որ Գեզիում ապօրինի միջոցառումների կոչեր անողները հանցագործներ կհամարվեն:
«Ժամանակն է վերջ դնել այս ամենին», – նշել է Մութլուն:
Ստամբուլի նահանգապետի խոսքով` Գեզիում տնկվել է 129 նոր ծառ, հինգ հազ. վարդ, 202 հազ. սեզոնային ծաղիկ և փռվել 26 հազ. ք/մ բնական խոտածածկ:
Զբոսայգու վերականգնումը սկսվել է հունիսի 15-ին, երբ ոստիկանությունն այնտեղից դուրս է մղել բողոքի ակցիաների հարյուրավոր մասնակիցների: Զբոսայգում տեղադրված բազմաթիվ վրանները մեծ վնաս են պատճառել դրա կանաչ տարածություններին: Հունիսի 15-ից ընդհուպ մինչև հուլիսի 8-ի առավոտը զբոսայգին շրջափակված էր ոստիկանության կողմից, որն արգելում էր մտնել այգի մինչ այնտեղ շինարարական աշխատանքներ էին ընթանում:
Թուրքիայի քաղաքներում հակակառավարական ցույցերը սկսվել էին մայիսի 31-ից՝ պայմանավորված իշխանությունների՝ Ստամբուլի Գեզի այգին քանդելու և նրա տեղում առևտրաժամանցային համալիր կառուցելու ծրագրերով։
Սկզբում սա բնապահպանների խաղաղ ակցիա էր, սակայն այն արագ վերաճեց Թուրքիայի վարչապետի ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ դժգոհության։