Irakanum.am-ը գրում է․

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Իվան Աղազարյանը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա: Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ ամիս` նոյեմբերի 5-ին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն վրաերթի ենթարկված աղջիկը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում, և վրաերթից հետո դեռ բուժման կուրսեր է անցնում:

Irakanum.am-ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանը հաստատեց մեր այս տեղեկությունը: Նա նախ ժամանակ խնդրեց տեղեկությունը որդուց ճշտել, որից հետո մեզ հայտնեց, որ որդին պարբերաբար այցելել է այդ աղջկան: «Տղաս ամուսնացած է, առանձին է ապրում, ես չեմ իմացել նոր ճշտեցի ինքն ասեց, որ պարբերաբար ստուգման է գնացել, այդ գումարները տվել է, տեսել է, որ քերծվածքներ են եղել, հիվանդանոցի փողը տվել է»,- ասաց Հովիկ Աղազարյանը, հավելով, որ գործը գտնվում է իրավական դաշտում, իսկ եթե պարզվի իր որդու մեղավորությունը, ապա նա պատասխան կտա:

Մինչդեռ մեզ հասած տեղեկություններով պատգամավորը օգտագործել է իր կապերը, որ վրաերթի մասին որևէ տեղեկատվական արտահոսք չլինի: Ավելին վրաերթի ենթարկված աղջիկը դեռ ինքնուրույն քայլել չի կարողանում:

Հավելենք, որ Իվան Աղազարյանը դեպքի օրը վարել է «Օպել» ավտոմեքենայով: Տեղեկությունների համաձայն կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել