Armlur.am-ը գրում է.

Դեկտեմբերի 14-ին Արարատի մարզի Արարատ գյուղում 3-ամյա երեխա է մահացել: Ըստ նախնական վարկածի՝ երեխան մահացել է գրիպի  H1N1 A տեսակից:

ArmLur.am-ը դեպքի առավել մանրամասների շուրջ զրուցել է երեխայի հորաքրոջ՝ Ռուզաննայի հետ:

«Այդ օրը երեխայի հետ եմ եղել. նա շատ լավ վիճակում էր, առավոտյան հերթական ստուգմանը շատ լավ էր իրեն զգում, խաղում էր աշխույժ, ուտում-խմում էր: Բժշկուհին ասաց երեխայի մոտ ոչինչ չկա, ամեն ինչ կարգին է, հարցրի՝ եթե անհրաժեշտ է, կարող ենք ռենտգեն ստուգում անել, ասաց, որ ամեն ինչ լավ է, դրա կարիքը չկա, անգամ անտիբյոտիկ չի նշանակվել երեխային: Ստուգումից հետո էլ երեխան շատ լավ է իրեն զգացել, երկու-երեք ժամ միասին խաղացել ենք, հետո պետք է կատետրը փոխեին, էլի ես եմ երեխայի հետ գնացել փոխելու, հետո տատիկն է մնացել երեխայի մոտ»,- ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ հերթական կաթիլայինը միացնելուց հետո երեխան ընկել է ցնցումների մեջ:

«Նորից եմ կրկնում՝ երեխան ծանր հիվանդ, պառկած չի եղել, ոտքի վրա է եղել, անգամ վերջին օրն իր ձեռքով տոնածառ է զարդարել: Ինքն ինձանից ալբոմ, մատիտ է ուզել, միասին ենք գնել: Ո՞նց կարող են ասել, թե երեխան «խոզի գրիպից» է մահացել, բայց երեխան չէր կարող կտրուկ, հանկարծակի մահանալ: Մենք երեխային ծայրահեղ վիճակում չէինք տանի հիվանդանոց, էն էլ Արարատի, որը անասնաբուժարանից չի տարբերվում, նման տեղից ոչ մի երեխա նորմալ դուրս չի գալիս»,- ընդգծեց մահացած երեխայի հորաքույրը:

Կատարվածի շուրջ ArmLur.am-ը զրուցել է նաև Արարատի բժշկական ամբուլատորիա տնօրեն Ծովինար Ալեքսանյանի հետ, ով մանրամասնեց. «Երեխային տեսել եմ ամսի 6-ին, այդ ժամանակ մենք 20-25 նագրոֆարինգիտով երեխաներ ունեինք (դրանք սեզոնային հիվանդություններ են): Ես ինքս դեռևս չեմ կարող վերջնական պնդել, որ երեխան մահացել է H1N1-ից: Ընտանիքում չորորրդ երեխան էր, շատ ցավալի դեպք է տեղի ունեցել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել