Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Վարդևանյանն անդրադարձավ մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որի համաձայն՝ Լուսինե Աբգարյանի եղբայրը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է։ Բացի այդ՝ Լուսինե Աբգարյանի եղբայրը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Սերժ Թանկյանի գրառմամբ, որով վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Լուսինե Աբգարյանն իր էջով հավանել էր գրառումը։ 

Բացի այդ՝ պարզվեց, որ դատավորը պետք է դեկտեմբերի 17-ին մեկնի արձակուրդ, որի մասին համապատասխան գրառում կա նաեկ court.am կայքում։ Ա.Վարդեւանյանն անհասկանալի համարեց, թե ինչպես է նման պայմաններում դատավորին գործ մակագրվել, ուստի՝ չի կարող քննել սույն գործը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով դատական նիստին պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր, որ դատական նիստն ընթանա դռնփակ՝ նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանի կապերի վերաբերյալ հարցերը ճշտելու համար։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, 2019 թվականի նոյեմբերի 7-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելու մասին՝ անփոփոխ թողնելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը։ Դատարանի այս որոշման դեմ փաստաբան Հայկ Ալումյանը բողոք է ներկայացրել, ինչը մակագրվել էր դատավոր Մխիթար Պապոյանին։ Վերջինս դեկտեմբերի 9-ին ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը։

Նշենք, որ մինչ այդ տեղի էր ունեցել դռնփակ նիստ, որի ժամանակ Ռ.Քոչարյանի փաստաբանները ցանկություն էին հայտնել որոշ տեղեկություններ ճշտել դատավորի կապերի վերաբերյալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել