Առողջապահությունը ազգային ու պետության անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկն է: Մեր երկրին անհրաժեշտ է առողջ քաղաքացի` անկախ բնակության վայրից: Հենց այդ պատճառով պետք է բարեփոխումների ալիք բարձրացնել առողջապահության բնագավառում, հատկապես մարզերում: Մարզերում չկան համապատասխան բուժսարքավորումներ, շենքային պայմաններ: Թարմացումները տեղի են ունեցել միայն հատուկենտ առողջապահական հաստատություններում, որոնց տնօրեններին հաջողվել է դրամաշնորհների ու նվիրատուների միջոցով կոնկրետ ծրագրերի շրջանակներում ինչ-ինչ սարքավորումներ ձեռք բերել:
Եթե մայրաքաղաքում վաղուց արդեն օգտագործվում են նորագույն սարքավորումներ, ապա մարզերում շատ դեպքերում դեռ պահպանվում են խորհրդային ժամանակներից մնացած բժշկական սարքավորումներ։ Դրա վառ օրինակն է Վարդենիսի բժշկական կենտրոնը: Բժշկական կենտրոնը, այսպես ասած, «վտարանդի» կարգավիճակում է: Կենտրոնում չկան համապատասխան լաբորատոր սարքավորումներ, չկա վիրահատական համապատասխան սրահ, չկան մինիմում ապահովված հիվանդասենյակներ: Իսկ մասնագիտական առումով բուժանձնակազմը չի զիջում մայրաքաղաքի բժիշկներին, սակայն վատթարագույն պայմաններից ելնելով՝ բնակչության մոտ պակասել է վստահությունը բժշկի հանդեպ:
Ահա այս ամենը ազդում է, որ այսօր Վարդենիսի ԲԿ-ում ունենք դեպք՝ նորածնի մահ: Այս ամենը ձեր սրտի նախարարի ոչ պատշաճ մենեջմենթն է,ոչ պատշաճ ֆինանսական բաշխումները: Այսօր նախարարի աթոռին բազմած անձը ամբողջ ֆինանսներն ուղղում է ազգակործան գործի` գարդասիլի, սանիտարական ավիացիայի, հակածխախոտային գովազդի վրա, քանի որ, այսպես ասած, «ատկատները» գայթակղիչ են իր իսկ համար: Չնայած ի՞նչ պահանջես մարդուց, ով, բժիշկ լինելով, սառնասրտորեն խոսում է մանկական դագաղներից:
Հ.Գ. Տեղյակ լինելով Վարդենիսի բժշկական կենտրոնի անմխիթար վիճակից՝ վերջերս իմ լավ ընկերոջ՝ Ֆրեզնոյի հայ համայնքի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի հետ այցելեցինք Վարդենիսի բժշկական կենտրոն: Հայ ազգի և իմ լավ ընկեր պարոն Աբգարյանը խոստացավ, որ հաջորդ տարի՝ 2020 թվականին, Ֆրեզնոյի հայ համայնքի բարեգործական հիմնադրամից որոշակի գումար կհատկացվի Վարդենիսի բժշկական կենտրոնի վերանորոգման և վերազինման համար: Ահա այսպիսին պետք է լինի ազգի մասին մտահոգ մարդը: